Հիմնադրամն արդեն հատուցումներ է տրամադրել 104 զոհված զինծառայողների ընտանիքների

Գործընթացը որոշակի ժամանակ է տևում, որովհետև ընտանեկան կամ ծնողական կապերը պետք է հաստատվեն, փաստաթղթային փաթեթ հավաքագրվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. Զինվորների ապահովագրության հիմնադրամն արդեն հատուցումներ է տրամադրել 104 զոհված զինծառայողների ընտանիքների։ Տեղեկությունը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը։ Նա մանրամասնել է՝ խոսքն արցախյան այս պատերազմում զոհված զինծառայողների մասին է։ Մինչ պատերազմը հիմնադրամն ուներ 416 շահառու ընտանիքներ։
Նա տեղեկացրեց, որ այսօր ևս հիմնադրամի գործադիր հանձնաժողովի նիստ է տեղի ունենալու, որի ընթացքում կընդունվեն մի քանի տասնյակ նոր հատուցումներ տրամադրելու վերաբերյալ որոշումներ։

Ինչի համար է ՀՀ կառավարությունը գումար վերցրել «Հայաստան» հիմնադրամից

«Ապագայի համար մենք պլանավարում ենք, որ յուրաքանչյուր շաբաթ ունենանք մի քանի տասնյակ հատուցում»,- նշեց Ավետիքյանը։

Թե ինչու է հիմնադրամի հատուցումների գործընթացը որոշակիորեն երկար տևում, Ավետիքյանի խոսքով՝ օբյեկտիվ հիմնավորում ունի։

«Ընտանեկան կապերը պետք է որոշվեն, ծնողական, ամուսնական կապերը պետք է հաստատվեն, դրա համար պետք է հավաքագրվի համապատասխան փաստաթղթային փաթեթ, դիմումներ։ Այս պահին գործընթացում ներգրավված են մարզպետարաններն ու Երևանում վարչական շրջանները, որպեսզի մեր զոհված, անհայտ կորած, կամ հաշմանդամ զինծառայողների փաստաթղթային գործընթացին աջակցեն»,- նշում է Ավետիքյանը։

Առաջարկվում է 1000-ի փոխարեն 3000 դրամ վճարել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Նրա խոսքով՝ հիմնադրամի շահառուների շրջանակը հստակ է՝ զոհվածների կամ անհայտ կորածների ծնողները, ամուսինը կամ կինը, երեխաները։

Նշում է՝ բացառիկ դեպքերում կարող են լինել քույրը կամ եղբայրը։

Ինչ վերաբերում է վիրավոր զինծառայողներին, ապա դա ավելի երկարատև ու շարունակական գործընթաց է։ Վիրավոր զինծառայողը դեռ պետք է բուժվի, որոշակի չափով վերականգնի անռողջությունը, ապա անցնի համապատասխան փորձաքննություն, որի հիման վրա նրան տրվում է հաշմանդամության կարգ՝ առաջին կամ երկրորդ։

Դրանից հետո միայն զինծառայողը դառնում է հիմնադրամի շահառու։

Զոհված, անհայտ կորած, վիրավոր. ո՞ւմ ընտանիքները կարող են փոխհատուցում ստանալ հիմնադրամից

Վարուժան Ավետիքյանը հիշեցնում է՝ զոհված, անհայտ կորած կամ առաջին կարգի հաշմանդամություն ձեռքբերած զինծառայողներին կամ նրանց ընտանիքներին միանվագ տրվում է 10 միլիոն դրամի ֆինանսական հատուցում։ Այնուհետև յուրաքանչյուր ամիս՝ 20 տարի շարունակ, հիմնադրամը վճարում է 200-300 հազար դրամ։ Գումարի տարբերությունը պայմանավորված է տվյալ զինծառայողի զինվորական աստիճանով՝ ժամկետային է, պայմանագրային, թե՝ սպա։

Երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողը միանվագ կստանա 5 միլիոն դրամ, այնուհետև կրկին քսան տարի շարունակ 100-200 հազար դրամ ամսական հատուցում։ Եթե զինծառայողն ունի երեք և ավելի երեխաներ, ապա այդ երեխաների համար հիմնադրամը լրացուցիչ 100 հազար դրամ կվճարի։

Արցախ վերադարձած ընտանիքները կշարունակեն ապահովվել պարենամթերքով և անհրաժեշտ պարագաներով

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն, ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Նոյեմբերի 19-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1678 զոհվածների անունները։