ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. Հայաստանում չկա մի պաշտոնյա, որը կարող է հստակ թվեր նշել, թե այս պատերազմի հետևանքով որքան կավելանա Զինվորների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը։
Նա նշեց, որ այն թվերը, որոնք տարբեր մարդիկ հրապարակում են, դրանք այս պահին միայն կանխատեսումներ են։ Վերջնական հայտնի չէ ո՛չ զոհված, ո՛չ անհայտ կորած զինծառայողների թիվը, հստակություն չկա նաև վիրավորների վիճակի հետ կապված։ Փաստ է այն, որ այս թիվը մի քանի հազար է լինելու, թե քանի հազար՝ պարզ չէ։
«Ստացվող 1000 դրամներով մենք ի վիճակի չենք լինի այս թվերի սահմաններում կատարել հատուցումները, կարևոր է այն դարձնել 3000 դրամ, կարևոր է միանալ հիմնադրամի նախաձեռնություններին, ինչպես, օրինակ, «Մեկը դարձնենք երկու» կամ մեկ միլիոն մարդու նախաձեռնությունը, որով մենք առաջարկում ենք աշխարհում գտնել մեկ միլիոն մարդ, որը յուրաքանչյուր ամիս կնվիրաբերի 25 հազար դրամ կամ համարժեք գումար»,- նշեց Ավետիքյանը։
Նրա խոսքով՝աշխարհի տարբեր երկրներում մի շարք նախաձեռնություններ են արվում գումարներ հանգանակելու և հիմնադրամին փոխանցելու համար։
«Այս պարտավորությունը ստանձնված է ամբողջ հասարակության կողմից, երբ տղաները կռվում էին և պաշտպանում էին հայրենիքը, վստահ էին, որ եթե իրենց մի բան պատահի, ամբողջ հասարակությունն ու պետությունը կանգնելու են իրենց ընտանիքների կողքին։ Բոլորը պետք է աշխատեն հիմնադրամի համար միջոցներ գեներացնելու նպատակով»,- նշեց հիմնադրամի գործադիր տնօրենը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն, ռազմական գործողությունները դադարեցվեցին։
Նոյեմբերի 20-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1678 զոհվածների անունները։
Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոյեմբերի 18-ին ԱԺ–ում լրագրողներին հայտնեց, որ պատերազմի առաջին օրվանից մինչև նոյեմբերի 17-ի երեկոյան պաշտոնապես հաստատված զոհված զինծառայողների թիվը 2425 է։
Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը