Չնայած սպասվող հրաժարականի մասին լուրերին՝ Բադասյանը հանդիպումներ է անցկացնում

Աշխատանքային քննարկումը վերաբերել է Արցախյան պատերազմում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից օտարերկրյա ահաբեկիչների ներգրավմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն աշխատանքային քննարկում է անցկացրել արցախյան պատերազմի ընթացքում ահաբեկիչների ներգրավվածության վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։

Քննարկումը վերաբերվել է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից վարձկանների և օտարերկրյա ահաբեկիչ զինյալների օգտագործման առնչությամբ ներպետական և արտաքին իրավական գործընթացների համակարգմանն ու ջանքերի կոորդինացիային։

«Քննարկմանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչը, Քննչական կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության, Կենտրոնական բանկի և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները»,- տեղեկացնում են նախարարությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային իրավական փոխօգնության և արտաքին իրավական գործընթացների համակարգմանն առնչվող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքը նույն ձևաչափով։

Նարիշկինն ասել է` ումից է ՌԴ–ն Ղարաբաղում սիրիացի վարձկանների մասին տեղեկություն ստացել

Ավելի վաղ հայտնել էինք, որ մի շարք լրատվամիջոցներ տեղեկություններ են շրջանառում, թե նախարարների հրաժարականների շարքում հաջորդը Ռուստամ Բադասյանինն է լինելու։

Ըստ տեղեկությունների՝ նախարարական աթոռն առաջարկվել է նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանին, սակայն վերջինս հրաժարվել է առաջարկից։ Հիմա իշխանությունը երկու կին թեկնածուների միջև պետք է ընտրություն կատարի՝ վարչապետի խորհրդական Աննա Վարդապետյանի և արդարադատության գործող փոխնախարար Քրիստինե Գրիգորյանի։

Հիշեցնենք` Արցախի դեմ սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից հայտնի դարձավ, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Այս տեղեկությունները հաստատել էր նաև ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը:

ՌԻԱ Նովոստին էլ տեղեկացրել է, որ հոկտեմբերի 16-ին ավելի քան 1000 գրոհային է տեղափոխվել ղարաբաղյան հակամարտության գոտի։

Ձերբակալվել է Արցախի դեմ կռվող ահաբեկչական խմբավորման անդամներից մեկը

Հայտնի է, որ սիրիացի ահաբեկիչներին 1,5-2 հազար դոլար են խոստանում ռազմական գործողություններին 1 ամիս մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայաստանյան և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ։

Թուրքիան Հարավային Կովկասը լցրել է ահաբեկիչներով. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը

Նշենք, որ հայկական կողմին արդեն հաջողվել է գերեվարել 2 սիրիացի վարձկան–ահաբեկչի։ Նրանցից առաջինին` Մեհրեդ Մուհամմադ Ալշխերին, բռնել են հոկտեմբերի 30–ին, իսկ երկրորդին` Յուսեֆ Էլ Աբեդ Էլ Հաջիին, հայ զինծառայողները գերեվարել են նոյեմբերի 1–ին։ Նրանք արդեն ցուցմունք են տվել և պատմել իրենց հավաքագրելու պայմանների մասին։