ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մոսկովյան այցի մասին լուրերը համապատասխանում են իրականությանը։ Դրանք հաստատում է Sputnik Արմենիայի աղբուրը։ Ըստ այդմ, Արայիկ Հարությունյանն օրերս Մոսկվայում հանդիպել բարձր շրջանակների հետ։
Իսկ այսօր Երևանում տեղի է ունեցել Արցախի նախագահի հանդիպումը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ։
Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Նրա խոսքով` հանդիպումը տևել է շուրջ 1 ժամ, դրա ընթացքում քննարկվել են արցախցիների վերադարձի, գերիների փոխանակման, անհետ կորածների հետ կապված խնդիրներ։
«Բանակցությունները ԿԽՄԿ–ի միջնորդությամբ այս պահին ընթանում են այն համատեքստում, որ բոլոր գերիները փոխանակվեն բոլոր գերիներով»,– ասաց պատգամավորը։
Աղազարյանը նշեց, որ անհետ կորածների խնդիրն ավելի բարդ է։ Նրա խոսքով` չի բացառվում, որ հայկական կողմի զինծառայողները հայտնվեն արդեն Ադրբեջանին հանձնված տարածքներում։ Կարող են անհետ կորած համարվել այն զինծառայողները, որոնց դիակները չեն հայտնաբերվել, նաև չբացառեց, որ լինեն ծառայությունից խուսափած անձինք, որոնք պատասխանատվությունից խուսափելու նպատակով առայժմ չեն հայտնել իրենց գտնվելու վայրը։
Արայիկ Հարությունյանի ընտանիքն էլ է Արցախ վերադարձել
Աղազարյանը հայտնեց նաև, որ քննարկվել են, թե ՀՀ ԱԺ պատգամավորներն առկա խնդիրների լուծմանը ինչպես կարող են օգտակար լինել։
Նշենք, որ արդեն մի քանի օր է, ինչ լուրեր են տարածվում, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մեկնել է Մոսկվա։ Նշվում էր նաև, որ նա Արցախից հեռացել է անվերադարձ։