Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Կարմիր խաչի պատվիրակությանը

Քննարկվել են հայ զինծառայողների մարմինների դուրսբերման, անհայտ կորածների ճակատագրերի բացահայտման, ռազմագերիների և պատանդների ազատ արձակման վերաբերյալ մի շարք հարցեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությանը՝ ԿԽՄԿ առաքելության բարձրաստիճան ներկայացուցիչ Պասկալ Հունդի գլխավորությամբ։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Մասիս Մայիլյանը։

Ռուսաստանը Կարմիր խաչին 2 մլն եվրո է փոխանցել` Արցախում կատարվելիք գործողությունների համար

«Հանդիպմանը քննարկել ենք Արցախի Հանրապետության դեմ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիայի արդյունքում զոհված հայ զինծառայողների մարմինների դուրսբերման, անհայտ կորածների ճակատագրերի բացահայտման, ռազմագերիների, ինչպես նաև պատանդների ազատ արձակման վերաբերյալ մի շարք հարցեր։ Այս համատեքստում կարևորել եմ վերոնշյալ ուղղություններով աշխատանքների հնարավորինս արագ իրականացումը», – գրել է Մայիլյանը։

Հանդիպման ավարտին Պասկալ Հունդը տեղեկացրել է ԿԽՄԿ Արցախի գրասենյակի կողմից հանրապետության պետական կառույցների հետ համագործակցությամբ քաղաքացիական բնակչությանը տրամադրվող մարդասիրական աջակցության մասին՝ նրանց հրատապ կարիքները հոգալու նպատակով։

Փաշինյանը ներողություն է խնդրել գերեվարված ու անհետ կորած անձանց ընտանիքների անդամներից

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ԼՂ–ում զբաղվում է անհայտ կորած և գերեվարված զինծառայողների և քաղաքացիական անձանց հարցերով, ինչպես նաև մասնակցում դիերի փոխանցման աշխատանքներին։