ԱՄՆ–ն հետաքննություն է սկսել Հայաստանից ներկրվող փայլաթիթեղի գործով

Հետաքննությունը սկսվել է ԱՄՆ–ի ալյումին արտադրող ասոցիացիայից ստացված բողոքի հիման վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ–ն հակադեմպինգային հետաքննություն է սկսել Հայաստանից ներկրվող ալյումինե փայլաթիթեղի հարցով։ Ինչպես հայտնում է ԱՄՆ կառավարության պաշտոնական հաղորդումների դաշնային ռեգիստրը ԱՄՆ միջազգային առևտրի գծով հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ Նահանգներում փայլաթիթեղի սեփական արտադրությանը խանգարում են մատակարարումները Հայաստանից, Բրազիլիայից, Ռուսաստանից, Օմանից և Թուրքիայից։

Աշխատակիցների անվտանգությունն ապահովված է. «Արմենալը» շարունակում է արտադրանք թողարկել

Ամերիկյան կողմի կարծիքով` այդ երկրներից ներմուծվող փայլաթիթեղը Նահանգներ է գալիս շուկայականից ցածր գնով, իսկ Օմանի և Թուրքիայի դեպքում` սուբսիդավորվում նրանց կառավարությունների կողմից։

Հետաքննությունը սկսվել է ԱՄՆ–ի ալյումին արտադրող ասոցիացիայից ստացված բողոքի հիման վրա։ Չինական փայլաթիթեղի դեմ ԱՄՆ–ն արդեն արգելափակիչ տուրքեր է սահմանել 2018 թվականին։

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունից Sputnik Արմենիայի զանգերին այդպես էլ չպատասխանեցին, և թեմայի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց։

Հիշեցնենք, որ դեռևս 2009 թվականին նման հետաքննություն էր անցկացնում ԵՄ–ն`  հակադեմպինգային տուրքեր դնելով Հայաստանից, Բրազիլիայից և Չինաստանից ներկրվող փայլաթիթեղի վրա։ 2013 թվականին տուրքրեը չեղարկվեցին։ 2018 թվականի ապրիլին, երբ ամերիկյան պատժամիջոցների տակ հայտնվեց «Ռուսալ» հոլդինգի (որին պատկանում է «Ռուսալ–Արմենալը») խոշոր բաժնետեր, ռուսաստանցի միլիարդատեր Օլեգ Դերիպասկան, ԱՄՆ հաճախորդները գնումները գործարանից դադարեցրին։ 2019 թվականի հունվարին պատժամիջոցները չեղարկվեցին։

«Արմենալը» 10 %-ով բարձրացրել է ավելի քան 530 աշխատակիցների վարձատրությունը

Նշենք, որ ալյումինե փայլաթիթեղը մեծ քանակներով արտահանվում է դեպի ԵՄ և ԱՄՆ։  Այն Ռուսաստանից ներկրվող ալյումինից արտադրում է «Ռուսալ–Արմենալը» («Ռուսալի» դուստր ձեռնարկություն)։ Երկար տարիներ փայլաթիթեղի արտահանումը կազմել է դեպի ԱՄՆ Հայաստանից արտահանման 70%–ը, սակայն այսօր էլ կազմում է շուրջ կեսը։ Դեպի Գերմանիա Հայաստանից փայլաթիթեղի արտահանումը կազմում է շուրջ 40%–ը, Ֆրանսիա` ավելի քան 50%–ը, Լեհաստան` մոտ 80%–ը։