Երևանը որոշեց ամանորյա միջոցառումներ կազմակերպելու փոխարեն օգնել Ստեփանակերտին

Երևանի ավագանու որոշմամբ 100 մլն դրամ կհատկացվի Արցախի մայրաքաղաքին` կապիտալ բնույթի աշխատանքների իրականացման նպատակով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից 100 մլն դրամ կհատկացվի Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտին։

Կարմիր խաչն օգնություն է տրամադրել Ստեփանակերտի, Մարտունու և Ասկերանի բնակիչներին

Այս մասին որոշումն ընդունվեց այսօր Երևանի ավագանու նիստում։

Երևանի բյուջեում փոփոխություն կատարելու առաջարկը ներկայացրեց Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանը։

«Առաջարկում ենք 100 մլն դրամ փոխանցել Ստեփանակերտին`կապիտալ բնույթի աշխատանքների իրականացման նպատակով՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ համայնքներին» հոդվածով»,– ասաց նա։

Նշենք, որ Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեով այդ 100 մլն դրամը պետք է ծախսվեր Երևանում Ամանորյա տոնական միջոցառումների կազմակերպման համար։

Ստեփանակերտում կրկին պայթյուններ կլսվեն. «Սմերչի» հրթիռներ են գտել

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն, ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ Տեղահանվածների թիվը 100-120 հազար է, գրեթե 17 հազար շենք-շինություն էլ մասնակի կամ ամբողջապես ոչնչացվել է։

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը