ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտ քաղաքը սնուցող 110 կվ ենթակայանը հրետակոծության հետևանքով վնասված է, և այժմ բնակչության էլեկտրամատակարարումը կատարվում է 35/10 կվ ենթակայաններով:Տեղեկությունը հայտնում է Արցախի Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը։
«Խնդրում ենք ձեզ խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան՝ էլեկտրական ցանցի գերծանրաբեռնվածությունից և վթարներից խուսափելու համար, մինչև էլեկտրական ցանցի ամբողջական վերականգնումը»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Արցախում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակում բնակչության սոցիալական բեռը թեթևացնելու և կյանքի բնականոն ռիթմը հնարավորինս արագ վերականգնելու համար կգործեն սոցիալական մի շարք ծրագրեր, մասնավորապես՝ մեկ տարի ժամկետով բնակչության համար անվճար կլինեն կոմունալ բոլոր ծառայությունները (բնական գազ, էլեկտրաէներգիա, ջուր և այլն) և կապի ծառայություններ։
Անելիքները շատ են. Արցախում ապահովում են վնասված ենթակառուցվածքների անվտանգությունը
Անօթևան մնացած բոլոր քաղաքացիները մեկ շնչի հաշվով կստանան 300 հազար ՀՀ դրամի չափով պետական միանվագ աջակցություն:
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 6-ին հայտարարել էր, որ պատերազմի հետևանքով Արցախում 17 հազարից ավելի քաղաքացիական շինություններ և ենթակառուցվածքներ կա՛մ ավերված են, կա՛մ լրջորեն վնասված։