Օգնեք գտնեմ եղբորս դիակը. միջադեպ` Գեղամ Մանուկյանի ճեպազրույցի ժամանակ

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը եկել էր Գեղամ Մանուկյանին հորդորելու, որ հետ կանգնի հացադուլի որոշումից։ Նրա խոսքով` այն անձը, որի հրաժարականը նա պահանջում է, չունի խղճի զգացում, նա նույնիսկ հաճույք կստանա, եթե Մանուկյանը հյուծվի ու հասնի մահվան դուռը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. ՀՀ Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի հարևանությամբ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը մեկնաբանեց, թե ինչու է որոշել հացադուլ հայտարարել վարչապետի հրաժարականի պահանջով։

Նրա խոսքով` 10-օրյա քաղաքական պայքարը ցույց տվեց, որ այդ կերպ որևէ արդյունքի հասնել հնարավոր չէ։

«10–օրյա պայքարը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը կառչած է իր աթոռին։ 10–օրյա պայքարը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ցանկացած զոհաբերության, միայն թե շարունակի մնալ կառավարության շենքում»,– ասաց Մանուկյանը` հավելելով, որ այդ գիտակցումով ինքը որոշում է կայացրել միանալ կառավարության շենքի դիմաց հացադուլ հայտարարած իր կուսակից ընկեր Գարիկ Ավետիսյանին։

«Հեռացե՛ք, մի փակեք հույսի և հնարավորության պատուհանը». Թևան Պողոսյանը` իշխանություններին

Այդ պահին հավաքված լրագրողներին մոտեցավ մի տղամարդ ու, Գեղամ Մանուկյանին դիմելով, ասաց. «Ի՞նչ եք եկել խոսում։ 50 օր է` իմ եղբոր դիակը չեն տվել, դրա մասին խոսեք։ Գնացեք, տեսեք Հերացիում ինչ է կատարվում։ Ես ուրիշ բան չեմ ուզում ձեզանից, խնդրում եմ` օգնեք իմ եղբոր դիակը գտնեմ»,– ասաց տղամարդը։

Ոստիկանները հեռացրեցին տղամարդուն լրագրողներից։ Իսկ Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ նման վիճակում այսօր բազմաթիվ մարդիկ կան։

Պատասխանելով հացադուլի արդյունավետության մասին հարցին` Մանուկյանը նշեց, որ իր համոզմամբ, դա պայքարի մի միջոց է։ Նրա խոսքով` յուրաքանչյուրը պետք է անի իր քայլը։

Օգնեք գտնեմ եղբորս դիակը. միջադեպ` Գեղամ Մանուկյանի ճեպազրույցի ժամանակ

 

«Ես հավատում եմ, որ սա այն վերջին միջոցն է, որին կարող է ՀՀ շարքային քաղաքացի Գեղամ Մանուկյանը դիմել»,– ասաց նա։

Գեղամ Մանուկյանին էր եկել հանդիպելու նաև Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։ Նա հայտարարեց, որ առաջին անգամ իր կյանքում եկել է հացադուլի որոշում ընդունած մարդուն համոզելու, որ հետ կանգնի այդ քայլից։

Անհետ կորած զինծառայողների հարցով քննարկում կլինի. ի՞նչ են խոստանում ծնողներին

«Որովհետև այն անձը, որի հրաժարականը նա պահանջում է, չունի խղճի զգացում, նա դաժան է, որևէ մարդկային կյանք նրա համար զրոյական նշանակություն ունի, և նա նույնիսկ հաճույք կստանա, եթե Գեղամ Մանուկյանը հյուծվի ու հասնի մահվան դուռը»,– ասաց Իշխանյանը։

Այդուհանդերձ, Գեղամ Մանուկյանը ճեպազրույցից հետո քայլեց դեպի Հանրապետության հրապարակ` միանալու հացադուլավոր ընկերոջը։