Հեռացող նախարարը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին

ԿԳՄՍ արդեն նախկին նախարարը վստահ է, որ ուսուցիչները, ստեղծագործողները երբեք այնքան ազատ չեն եղել, որքան հիմա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Կրթության ոլորտում տասնամյակներով ձևավորված կարծրատիպերը և մոլորությունները միայն խոչընդոտում են զարգացմանը և պետք է փոխարինվեն կոնկրետ լուծումներով, որքան էլ որ դրանք առաջին հայացքից բարդ թվան։ Facebook–ի իր էջում այսպիսի հայտարարություն է արել ԿԳՄՍ արդեն նախկին նախարար Արայիկ Հարությունյանը։ Նա շնորհակալություն է հայտնել իր աշխատակիցներին, թիմակիցներին, որոնց շնորհիվ, ըստ նախարարի` մի շարք բարեփոխումներ են եղել։

  • «Ուսուցիչները երբեք այնքան ազատ չեն եղել, որքան հիմա,
  • Ստեղծագործողները երբեք այնքան ազատ չեն եղել, որքան հիմա,
  • Մարզիկները ձերբազատվել են տարբեր խմբերից ունեցած ավանդական կախվածությունից,
  • Գիտությունը նախորդ տարիների համեմատ ավելի մեծ ուշադրության չի արժանացել, որքան հիմա»,–գրել է նա:

Հարությունյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը, նրա խոսքով, միշտ աջակցել է ոլորտի բարեփոխումներին:

Նա նշել է, որ իր գործունեության 2,5 տարվա արդյունքներին դեռ կանդրադառնա առաջիկայում:

Նշենք, որ այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ազատվել է պաշտոնից։

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով նոր նախարար է նշանակվել Վահրամ Դումանյանը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 16–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հայտարարեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարարին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել։ Կարճ ժամանակ անց ԱԳՆ խոսնակը հայտնեց, որ Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել և հրապարակեց նրա ձեռագիր դիմումը։ Նոյեմբերի 17-ին հրաժարականի դիմում ներկայացրեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Զոհրաբ Մնացականյանը հերքում է Հայաստանից հեռանալու լուրը

Վերջին օրերին իրենց պաշտոններից հեռացել են նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդական Աշոտ Ղուլյանը, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության փոխնախարար Իրինա Ղափլանյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը։

Նոյեմբերի 20-ին պաշտոններից ազատվեցին նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնել է Վաղարշակ Հարությունյանը, արտակարգ իրավիճակների նախարարինը` Անդրանիկ Փիլոյանը, իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարինը` Մեսրոպ Առաքելյանը։

Նշենք, որ պաշտոնյաների ու պատգամավորների հրաժարականները սկսվել են նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարությունից հետո։