Կառավարությունում հանդիպել են Հայաստանի ու Ռուսաստանի 4 փոխվարչապետները

Կողմերը քննարկել են Արցախում բնականոն կենսագործունեության վերականգնման և տեղահանվածների ապահով ու արժանապատիվ վերադարձի կազմակերպման հետ կապված հարցեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի - Sputnik. ՀՀ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Ավինյանն ընդունել են աշխատանքային այցով Երևան ժամանած Ռուսաստանի կառավարական պատվիրակության անդամներին՝ ՌԴ փոխվարչապետներ Ալեքսեյ Օվերչուկի և Ալեքսեյ Նովակի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից:

Ռազմական ինժեներներ և տեխնիկա բերող ինքնաթիռը Ռուսաստանից Հայաստան է եկել

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հայկական կողմը շնորհակալություն է հայտնել ՌԴ կառավարությանը հրադադարի հաստատման գործում ներդրված ջանքերի, ինչպես նաև այժմ Արցախում ստեղծված հումանիտար աղետի հետևանքների հակազդմանն ու չեզոքացմանն ուղղված միջոցառումներին ակտիվ մասնակցելու համար:

Կողմերը մանրամասն քննարկել են Արցախում բնականոն կենսագործունեության վերականգնման և տեղահանվածների ապահով ու արժանապատիվ վերադարձի կազմակերպման ուղղությամբ անելիքների ծրագիրը:

Նշվում է նաև, որ հանդիպման մասնակիցները քննարկել են նաև տրանսպորտի, էներգետիկայի և գործարարության ոլորտներին առնչվող մի շարք հարցեր:

Անվտանգ է․ ռուս խաղաղապահը` Լաչինի միջանցքի մասին

Հավելենք, որ նոյեմբերի 21-ին Հայաստան էր այցելել ՌԴ բարձրաստիճան պատվիրակություն, որի կազմում էին պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, արտգործնախարար Սերգեյ Լավրովը և այլ պաշտոնյաներ։ 

Քննարկվել է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունից հետո Արցախում ստեղծված իրավիճակի հետ կապված հարցեր։