«Հայաստան համահայկական հիմնադրամը» պետք է պահեր իր անկախությունն ու անկուսակցականությունը, մինչդեռ այդ վստահությունը չարաշահվեց: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ մեկնաբանելով հիմնադրամից պետբյուջե փոխանցված դրամական միջոցների մասին տեղեկությունը:
«Մենք գումարները վստահել էինք հիմնադրամին, ոչ թե իշխանություններին: Հիմնադրամը` որպես հայության միասնականության խորհրդանիշ, պետք է պահեր իր անկախությունն ու անկուսակցականությունը, և այդ վստահությունը, ցավոք, չարաշահվեց. արդյունքում այդ գումարները կառավարությունն ուղղակի օգտագործեց պետական բյուջեի բացը կամ դեֆիցիտը լրացնելու համար»,- ասաց նա:
Պարսյանի խոսքով՝ գումարը ֆինանսների նախարարության գանձապետական հաշվին փոխանցելուց հետո հիմնադրամը որևէ հսկողություն չունի դրանց տնօրինման հարցում: Պետությունն այն կարող է ծախսել ցանկացած ուղղությամբ: Դրանով կարելի է և՛ կենսաթոշակները վճարել, և՛ աշխատավարձերը, և՛ պարգևավճարներ սահմանել:
«Ոչ երնեկ այն պետությանը, որի հույսը հիմնադրամի 170 միլիոն դոլարն է, միայն 2 տարվա ընթացքում 200 միլիոնի պարգևավճար են տվել, և նրանց հույսը այդ 170 միլիոն դրամն էր: Կարծում եմ՝ այստեղ գործ ունենք սխալ ֆինանսական քաղաքականության հետ, և սրա հետևանքը դարձավ այն, որ կառավարությունը նաև նվիրատվությունները վերցրեց իր կարիքների համար»,- նշեց տնտեսագետը:
Մեր զրուցակիցը արձանագրեց՝ նման իրավիճակներ եղել են նաև միջազգային պրակտիկայում, երբ, օրինակ, բազմաթիվ նվիրատուներ հետ են պահանջել իրենց գումարը՝ հաշվի առնելով, որ հիմնադրամն այն չի օգտագործել նախապես նշված նպատակով: Հայաստանում դեռևս նման փորձառություն չունենք, բայց, ըստ տնտեսագետի, սա կարող է առիթ դառնալ, որ մարդիկ հիմնադրամից իրենց նվիրատվությունները հետ ստանալու պահանջով դատական հայցերով դիմեն դատարաններ:
«Հնարավոր է, որ հատկապես սփյուռքի մեր որոշ ներկայացուցիչներ իրենց գումարները պահանջեն, պետք է նաև դրան պատրաստ լինել: Մինչ օրս հիմնադրամը նույնիսկ չի հայտարարել՝ որքան գումար է փոխանցել պետական բյուջե: Հիմնադրամի տնօրենը ժամանակ շահելու համար նշեց, որ սպասում են ֆինանսների նախարարության հաշվետվությանը և միջանկյալ աուդիտ են հրավիրել, որը պետք է հաստատի, որ այդ գումարներն օրինական եղանակով են տնօրինվել: Այսինքն՝ միջանկյալ որոշումներ են կայացրել, որպեսզի ժամանակ շահեն մարդկանց զայրույթը մեղմելու համար»,- հավելեց մասնագետը:
Տնտեսագետը համոզված է՝ նույնիսկ եթե որևէ մեկը դատարան չդիմի, ակնհայտ է, որ այս գործողության հետևանքով հիմնադրամը լուրջ հեղինակային կորուստ կունենա:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 18-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱԺ–ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների մի մասը ծախսված չեն, մի մասը պատերազմի ընթացքում նվիրաբերվել էր ՀՀ կառավարությանը։