ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. Ադրբեջանական կայքերում տարածված հերթական անմարդկային տեսանյութում պատկերված զինվորը 18-ամյա Էրիկ Խաչատրյանն է։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Պատգամավորը հայտնում է, որ խոսել է Էրիկի հոր՝ Սարիբեկ Խաչատրյանի հետ։
«Վերջին անգամ որդու հետ կապ եղել է հոկտեմբերի 12-ին։ Դրանից հետո որևէ տեղեկատվություն չի եղել։ Էրիկը կռվել է Ջաբրայիլում։ Հոկտեմբերի 12-ից հետո եղել է անհայտ կորածների ցուցակում։ Պարզ չէ անգամ` այս տեսանյութը, երբ է արվել»,– գրում է պատգամավորը։
Նաիրա Զոհրաբյանը հայտնում է նաև, որ Կարմիր Խաչն այս պահին արդեն սկսել է իր գործն անել։
Գերի ընկած զինվորականները չեն զրկվի կոչումից, պաշտոնից ու գումարից. ԱԺ-ն փոխում է օրենքը
Պատգամավորը դիմել է ռազմագերիների խնդիրներով զբաղվող իր եվրոպացի բազմաթիվ գործընկերների, միջազգային բոլոր կառույցների, այդ թվում`ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատարին։
«Ամեն ինչ պիտի անենք, եվրոպական բոլոր կառույցները տակնուվրա պիտի անենք, որ մեր գերեվարված զինվորներին ու քաղաքացիական անձանց անվնաս տեղափոխենք հայրենիք»,– նշում է Զոհրաբյանը։
Պատգամավորի հիշատակած տեսանյութում ադրբեջանական զինծառայողները նվաստացնում են հայ զինվորին, հարվածում գլխին։ Իսկ տեսանյութի ավարտին նրանցից մեկն անթաքույց ցուցադրում է թուրքական ահաբեկչական կազմակերպության` «Գորշ գայլերի» նշանը։
Նշենք, որ ոչ պաշտոնական տվյալներով, Արցախյան վերջին պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից գերեվարվել է ավելի քան 20 քաղաքացի ու զինծառայող։