Ֆանտազիայի ժանրից է, ինչ ասեմ. Մանե Թանդիլյանը մեկնաբանել է իրեն պաշտոն առաջարկելու լուրը

Մամուլում տեղեկություններ են հրապարակվել, թե Մանե Թանդիլյանը, իբր, ընդունել է առաջարկը, ու այս շաբաթ արդեն կստացվի նշանակման լուրը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի - Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Մանե Թանդիլյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է լուրերն այն մասին, թե իրեն Արցախում սոցապ նախարարի պաշտոն է առաջարկվել։

Հայտնի է` ով կփոխարինի Մանե Թանդիլյանին Ազգային ժողովում

«Նախ` ինձ չեն առաջարկել Արցախում նախարար դառնալ, այլ ուրբաթ օրը ես այցելել եմ Արցախ, իմ աչքերով տեսել եմ՝ ինչ է կատարվում Արցախում, որոշել եմ հանդիպել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին և պատրաստակամություն հայտնել օգնել Արցախին ինչով որ կարող եմ։ Ես ընդհատել եմ բուժումս պատերազմը սկսվելուն պես ու մնացել եմ Հայաստանում։ Իսկ մնացած ամբողջ մտքերը «168 ժամ»-ի ֆանտազիայի ժանրից է, ինչ ասեմ...»,– ասաց Թանդիլյանը։

168.am-ն այսօր գրել էր, որ իրենց տեղեկություններով՝ երեկ Նիկոլ Փաշինյանն Արայիկ Հարությունյանին առաջարկել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Մանե Թանդիլյանին նշանակել Արցախի սոցապ նախարար:

«Մեր Մանեին առողջություն եմ մաղթում». Մարուքյանն արձագանքել է Թանդիլյանի որոշմանը

Կայքը նաև գրել էր, թե Մանե Թանդիլյանն, իբր, ընդունել է ստացած առաջարկը, ու այս շաբաթ արդեն կստացվի նշանակման լուրը:

Հիշեցնենք, որ Մանե Թանդիլյանը վայր է դրել պատգամավորական մանդատը 2020-ի օգոստոսի 14-ին՝ հայտարարելով, որ պատճառը առողջական խնդիրներն են, որոնք աշխատանքի հետ անհամատեղելի են: