Բայց երեկ ամերիկացի միլիարդատեր Բիլ Գեյթսը այս կորոնավիրուսային վիճակի մասին երկու բան ասաց՝ մեկը լավ, մյուսը վատ, որ մարդ մտածում է՝ կամ լավին պիտի հավատաս, կամ վատին։ Ինչպես ընդունված է, սկսենք վատ լուրից։ Բիլ Գեյթսը կանխատեսեց, որ առաջիկայում մարդկությանը նոր համավարակ է սպասում՝ այն կարող է լինել 20 տարի հետո, բայց չի բացառվում, որ դա պատահի ընդամենը երեք տարուց։
Հիմա լավ լուրը։ Առաջիկա ենթադրյալ համավարակի դեմ շատ ավելի հեշտ կլինի պայքարել, որովհետև հենց այս օրերին ողջ մարդկությունը փորձում է գտնել կորոնավիրուսի դեմն առնելու միջոցները և մեծ հավանականությամբ կգտնի, կարծիք է հայտնել նույն Բիլ Գեյթսը։ Իրոք, մասնագետները փորձում են պատասխան գտնել մի քանի սկզբունքային հարցերի, որոնք կապված են այս հիվանդության հետ, որը Հոպքինսի ամերիկյան համալսարանի վերջին տվյալներով, ողջ աշխարհում խլել է գրեթե մեկուկես միլիոն մարդու կյանք։
Քաջ գիտակցում եմ, որ եթե հնչեցնեմ պարզագույն հարցը՝ ինչո՞ւ են մարդիկ մահանում, հեգնական արձագանքներ կստանամ՝ ինչպես թե ինչու են մահանում՝ հիվանդանում են ու մահանում։ Իրականում պրոբլեմն այն է, որ հիվանդությունը նոր է, մեր օրգանիզմը չի հասցրել դրա դեմն առնելու մեխանիզմ մշակել։ Ռուսաստանցի մասնագետներից մեկն այսօր հիշեցրել է, այսպես կոչված, սիբիրյան օրինակը։ Փորձեմ շատ հակիրճ ներկայացնել, որովհետև մի ժամանակ ինձ էլ է ցնցել այս աննախադեպ պատմությունը։
Ամենաաղքատ երկրներին կօգնեն հաղթահարել կորոնավիրուսը. G-20–ի երկրների հայտարարությունը
Անցած դարի 70-ականների վերջերին Սիբիրում՝ տայգայում, հայտնաբերվել էր հավատացյալների մի ընտանիք, որի անդամների մեծ մասը, հատկապես երեխաները, երբեք չէին շփվել արտաքին աշխարհի հետ, որովհետև ծնվել էին տայգայում և երբեք այդ անտառներից դուրս չէին եկել։
Մեծ աղմուկ բարձրացավ, Լիկովների ընտանիքով սկսեցին հետաքրքրվել մասնագետները, լրագրողները, գալիս էին, հարցազրույցներ էին անում, և բոլորովին պարզ չէր՝ արդյոք այդ եկողները վարակակիր չեն։ Ու Լիկովները, որոնք մինչ այդ լիովին առողջ էին, հիվանդացան։ Պարզ էր, որ վարակվել են այն մարդկանցից, որոնք եկել էին իրենց այցելելու։ Մահացան բոլոր երեք երեխաները, որոնք իրենց կյանքի ընթացքում երբեք որևէ մեկի հետ չէին շփվել բացի իրենց ծնողներից։ Իսկ ընտանիքի հայրը, որքան էլ զարմանալի է, ողջ մնաց, քանզի, մասնագետների կարծիքով, տասնամյակներ առաջ մեկուսացված կյանքով չէր ապրել, շփվել էր տարբեր մարդկանց հետ, հանրության լիիրավ անդամն էր։ Եվ բժիշկները եզրակացրեցին, որ նրա օրգանիզմում հասցրել էին հասունանալ այն հակամարմինները, որոնք անհրաժեշտ են հիվանդություններին դիմակայելու համար։
Հիմա գիտնականներն ասում են՝ ցանկացած նոր հիվանդություն, այսպես կոչված՝ մուտանտ, կարող է աղետալի հետևանքներ ունենալ մարդկության համար հենց միայն այն պատճառով, որ նոր է։ Մարդու օրգանիզմը դեռ չունի այդ նոր հիվանդության դեմ պայքարելու բավական ռեսուրսներ՝ դա մեր իմունային համակարգի առանձնահատկություններից մեկն է։ Հենց այդ պատճառով էլ այդքան մարդու կյանք խլեց այսպես կոչված «իսպանկան»՝ իսպանական գրիպը, որը մոլեգնում էր մոտ 100 տարի առաջ։ Հիշեցնեմ, որ այն ժամանակ՝ մոտ երկու տարում 1918-ից մինչև 1920 թվականը ողջ աշխարհում վարակվեց ավելի քան կես միլիարդ մարդ։
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը
Մահացածների ստույգ թիվը մինչև հիմա էլ հայտնի չէ, քանզի այն ժամանակ հիվանդների վիճակագրության եղանակները տարբեր էին։ Համենայնդեպս այսօրվա հանրագիտարանային աղբյուրները պնդում են՝ համաշխարհային պատմության ընթացքում այդ ամենազանգվածային համավարակի պատճառով ենթադրաբար կյանքից հեռացել է մինչև 100 միլիոն մարդ։
Եվ այնուամենայնիվ եկեք կենտրոնանանք Բիլ Գեյթսի երեկվա հայտարարության երկրորդ՝ դրական մասի վրա։ Արդի աշխարհում ցանկացած համավարակ խթանում է բժշկագիտական հետազոտությունները և նպաստում է հիվանդությունների դեմ նոր միջոցների հայտնաբերմանը։