Անհետ կորած զինծառայողների հարցով քննարկում կլինի. ի՞նչ են խոստանում ծնողներին

Պաշտպանության նախարարության շենքի մոտ հավաքվել են անհետ կորած զինծառայողների ծնողները։ Նրանք պահանջում են հանդիպում նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Կառավարությունում այսօր քննարկում է լինելու անհետ կորած զինծառայողների հարցերով։ Պաշտպանության նախարարության առջև հավաքված անհետ կորած զինծառայողների ծնողներին տեղեկությունը հայտնեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Հրապարակվել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող 17 զինծառայողների անունները

ՊՆ–ի մոտ վաղ առավոտից հավաքվել են անհետ կորած զինծառայողների ծնողները։ Նրանք պահանջում են հանդիպում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ։

«Այսօր կառավարությունում քննարկում կլինի և ժամը 16։30-ին կգան ու ձեզ կասեն`ինչ է արված և ինչ է արվելու։ Ձեզ` ծնողներիդ, մանրամասն կասեն։ Ի դեպ, ողջ մնացած երեխաների մասին հավաստի լուրեր կան, սակայն այդ մասին շատ խոսել պետք չէ»,–ասաց Քոչարյանը։

Հարցին, թե անհետ կորածների ծնողները պատրաստ են մասնակցել որոնողական աշխատանքներին, կա՞ արդյոք նման հնարավորություն, Քոչարյանը պատասխանեց, որ տարածքը, որտեղ որոնողական աշխատանքներ են կատարում, ասես ջունգլի լինի։

«Մի հատ էլ մնում է` ծնողներին կորցնենք։ Ոչ, պետք է սպասել»,–ասաց Քոչարյանը։

Օգնեք գտնեմ եղբորս դիակը. միջադեպ` Գեղամ Մանուկյանի ճեպազրույցի ժամանակ

Անհետ կորած զինծառայողներից մեկի մայրն ասաց, որ 55 օր է` որևէ լուր չունեն իր որդուց, որը Հադրութում է ծառայել։

«Մենք քուն չունենք, դադար չունենք, էսպես ո՞նց կլինի»,–ասաց կինը։

Մեկ ուրիշ ծնող էլ ասաց, որ տղան 17 զինծառայողների հետ Շուշիի մատույցներում է եղել, սակայն այդ գումարտակից որևէ մեկից լուր չկա։

Նշենք, որ ծնողներն այժմ ՊՆ–ի առջև սպասում են խոստացված ժամին։

Նոր նախարարը գրառում է արել վիրավորված զինվորներին հաշմանդամության կարգ տրամադրելու մասին