Անհետ կորած համարվող մի քանի զինվորի ողջ են գտել. Վիտալի Ոսկանյան

Շարունակվում է նաև զոհվածների մարմինների որոնման և տարածքներից դուրսբերման աշխատանքները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Արցախյան պատերազմում անհետ կորածների որոնման արդյունքում հաջողվել է գտնել մի քանի ողջ մնացած զինվորների։ Տեղեկությունը Արցախյան պատերազմում անհետ կորած զինվորների ծնողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ անհետ կորածների և գերեվարվածների հանձնաժողովի նախագահ, գնդապետ Վիտալի Ոսկանյանը։

Ինչպես արդեն հայտնել էինք, ՊՆ-ի մոտ վաղ առավոտից հավաքվել են անհետ կորած զինծառայողների ծնողները։  Նրանք պահանջում են, որպեսզի պատասխանատու անձինք ընդունեն իրենց և հայտնեն` ո՞ւր են իրենց երեխաները։ Մասնավորապես ծնողները պահանջում են հանդիպում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ։

Հրապարակվել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող 17 զինծառայողների անունները

 «Մեզ հաջողվել է գտնել մի քանի ողջ մնացած տղաների։ Նրանց ծնողներին տեղեկացրել ենք այդ մասին», - ասաց Ոսկանյանը:

Նա մանրամասներ չհայտնեց, բայց նշեց, որ նոյեմբերի 12-ից հանձնաժողովն անհետ կորածների մասին տվյալները փոխանցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և ռուս խաղաղապահներին: Ոսկանյանի խոսքով` հանձնաժողովի աշխատակիցները նույնպես առաջնագծում են: Մշակվել է համապատասխան աշխատանքային ձևաչափ:

Շարունակվում է նաև զոհվածների  մարմինների որոնման և տարածքներից դուրսբերման աշխատանքները: Նախորդ օրը Մարտունիի Մատաղիս գյուղում հայտնաբերվել են մի քանի զինծառայողների մարմիններ։

Ինչ վերաբերում է միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու վարչապետի որոշմանը, Ոսկանյանը նշեց, որ դա միմիայն կօգնի իրենց աշխատանքին: Ոսկանյանը շեշտեց, որ անհետ կորածների որոնման աշխատանքները շարունակվում են օրական 24 ժամ։

Օգնեք գտնեմ եղբորս դիակը. միջադեպ` Գեղամ Մանուկյանի ճեպազրույցի ժամանակ

Նշենք, որ այսօր ՊՆ-ի առջև հավաքված բողոքի ակցիա անող անհետ կորած զինծառայողների ծնողներին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ Կառավարությունում այսօր քննարկում է լինելու անհետ կորած զինծառայողների հարցերով։