Խուճապի չմատնվել` Ստեփանակերտում հնարավոր է` պայթյուններ լսվեն. սակրավորներն են աշխատում

Արցախի մայրաքաղաքում շարունակվում են կասետային ռումբերի և արկերի վնասազերծման աշխատանքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում այսօր կարող են պայթյուններ լսվել։ ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ հորդորելով քաղաքացիներին խուճապի չմատնվել։ Այսօր մայրաքաղաքում սակրավորները շարունակում են վնասազերծել պատերազմի օրերին ընկած ու չպայթած զենք-զինամթերքը։

Մոտ 25 հազար մարդ Արցախ է վերադարձել. ՀՀ վարչապետը և Արցախի նախագահը քննարկել են իրավիճակը

«Քիչ հետո Ստեփանակերտի տարածքում կվնասազերծվեն թշնամու կողմից արձակված ու դեռևս չպայթած կասետային ռումբեր և արկեր: Պայթյունի ձայն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել. սակրավորներն են աշխատում»,- տեղեկացնում են ԱԻՊԾ-ից։

Հիշեցնենք՝ պատերազմի հենց առաջին օրվանից՝ սեպտեմբերի 27-ից սկսած, Ստեփանակերտի ամենաբանուկ թաղամասերում կասետային ռումբեր են կիրառվել։ Թշնամու կրակի տակ սակրավորներն օրուգիշեր վնասազերծում էին չպայթած զենք, զինամթերքը։

Պատերազմի օրերին մաքրման, վնասազերծման հիմնական աշխատանքները կատարվում էին մայրաքաղաքի և հարակից բնակավայրերի տարածքում, կրակի դադարեցումից հետո սակրավորներն ընդարձակեցին աշխատանքները՝ վնասազերծելով նաև այլ բնակավայրերում ընկած ու չպայթած ռումբերը, զենք-զինամթերքը։

Չորս կողմը թուրքեր են․ ինչպես են Արցախի հայերը փորձում վերադառնալ խաղաղ կյանքին