Ստեփանակերտում վերականգնվել է շուրջ 11 000 բաժանորդի գազամատակարարումը

Արդեն վերականգնվել է Չլդրան-Մարտակերտ բարձր ճնշման գազատարի Կաշենի մոտակայքում վթարված հատվածը, ինչի արդյունքում բնական գազը կրկին մատակարարվում է Մարտակերտ և շրջանի բնակավայրեր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Հրադադարի հաստատումից հետո, նոյեմբերի 22-ի դրությամբ, մայրաքաղաք Ստեփանակերտում վերականգնվել է շուրջ 11 000 բաժանորդի գազամատակարարումը: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը` հավելելով, որ հաշվի առնելով բնակիչների վերադարձն ու բազմահարկերում նախօրոք իրականացված ու շարունակվող ավտանգության միջոցառումները՝ հասցե առ հասցե վերականգնվում է բնական գազի մատակարարումը սպառողներին:

Խուճապի չմատնվել` Ստեփանակերտում հնարավոր է` պայթյուններ լսվեն. սակրավորներն են աշխատում

««Արցախգազ» ՓԲԸ գործադիր տնօրեն Սեյրան Միքայելյանի հավաստմամբ, հատկապես այս օրերին, ընկերությունն աշխատանքներ է իրականացնում ուժերի գերլարումով, վաղ առավոտից մինչ ուշ երեկո: Տեխնիկական ու մասնագիտական կազմը մայրաքաղաքում ու շրջաններում շարունակում են վթարավերականգնողական աշխատանքները՝ օր առաջ երկնագույն կրակը կրկին հասցնելու արցախցիների օջախներ»,–ասված է հաղորդագրության մեջ:

Տեղեկացվում է, որ արդեն վերականգնվել է Չլդրան-Մարտակերտ բարձր ճնշման գազատարի Կաշենի մոտակայքում վթարված հատվածը, ինչի արդյունքում բնական գազը կրկին մատակարարվում է Մարտակերտ և շրջանի բնակավայրեր:

Անվտանգ է․ ռուս խաղաղապահը` Լաչինի միջանցքի մասին

Մարտունու և Մարտակերտի միջին և ցածր ճնշման գազատարներն են նորոգվում, որի ավարտին շրջկենտրոնների մի շարք թաղամասերում ու շենքերում  խնդիրը հիմնավորապես կլուծվի: Մարտակերտում առաջնահերթ բավարարվել է հիվանդանոցի, հացի արտադրամասերի և բնակչության կարիքների տեսանկյունից առաջնահերթ համարվող տնտեսական գործունեություն իրականացնողների մատակարարման պահանջը: Իսկ Մարտունիում գազ է ստանում ավելի քան 500 բաժանորդ: Մյուս շրջաններում գազամատակարարումը հիմնականում վերականգնված է: