Ֆրանսիան մեծ ջանքեր է գործադրել ԼՂ հրադադարին հասնելու համար. լը Դրիան

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտնել է, որ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի վրա հատուկ պատասխանատվություն է դրված Ղարաբաղի կարգավորման հարցով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ լը Դրիանը ֆրանսիական էլ-Սե հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Ֆրանսիայի, ԱՄՆ–ի և Ռուսաստանի վրա մեծ պատասխանատվություն է դրված Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցով։

«ԵԱՀԿ Մինսկի համանախագահները ստանձնել են Լեռնային Ղարաբաղի հրադադարը պահպանելու պարտականություն։ Որպես Մինսկի խմբի համանախագահ` Ֆրանսիան մեծ ջանքեր է գործադրել այդ հրադադարին հասնելու համար», - ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը։

Նրա խոսքով՝ Հայաստանը ցանկանում է, որ Ֆրանսիան շարունակի ստանձնել պատասխանատվություն Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման համար։ 

Ֆրանսիայի ԱԳՆ–ն հայտարարություն է արել Էրդողանի զրպարտող հայտարարությունների մասին

«Եվ հայկական, և ադրբեջանական ղեկավարության կողմից ընդգծվել է Ֆրանսիայի դերի պահպանման կարևորությունը։ Դա չի խանգարում Ֆրանսիային օգնություն ցուցաբերել Հայաստանին. հումանիտար բեռներով ինքնաթիռը ժամանում է
Երևան, ևս մեկն այնտեղ կմեկնի հաջորդ շաբաթ», - ասել է նախարարը ։

Հարցազրույցի ընթացքում նա հատուկ ընդգծել է, որ հայերը և ֆրանսիացիները բարեկամ ժողովուրդներ են։

Նշենք, որ նոյեմբերի 21-ին ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ լը Դրիանի հետ: ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել հրադադարի հաստատման և Արցախում խաղաղապահների տեղակայման վերաբերյալ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությանը հաջորդած զարգացումների և տարածաշրջանում ստեղծված իրադրության շուրջ։

ՀՀ-ի և Ֆրանսիայի արտգործնախարարներն անդրադարձել են Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակին