Արցախում սակրավորները 870 տարբեր տեսակի ռումբեր են վնասազերծել

Պատերազմի առաջին օրվանից սկսած պայթուցիկ նյութերի վերաբերյալ 2000-ից ավելի ահազանգ է ստացվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. Սակրավորական խմբերը շարունակում են հետպատերազմական Արցախը դարձնել առավել անվտանգ: Տեղեկությունը հայտնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը Facebook-ի պաշտոնական էջում։

Խուճապի չմատնվել` Ստեփանակերտում հնարավոր է` պայթյուններ լսվեն. սակրավորներն են աշխատում

Նշվում է, որ մայրաքաղաք Ստեփանակերտում և մյուս բնակավայրերում շարունակվում են չպայթած ռումբերի և ականների որոնման, վնասազերծման աշխատանքները։

«ԱՀ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում սեպտեմբերի 27-ից մինչև այսօր պայթուցիկ նյութերի վերաբերյալ ստացվել է երկու հազարից ավելի ահազանգ: Դրանց մեծ մասն արդեն պայթած վիճակում է եղել և որևէ վտանգ չէր ներկայացրել»,- նշված է հաղորդագրության մեջ։

ԱԻՊԾ տվյալներով՝ սակրավորական ջոկատները վնասազերծել են 870 կասետային, հրթիռային և հարվածային ռումբեր, նաև ականանետի ականներ:

Արցախում սակրավորները 870 տարբեր տեսակի ռումբեր են վնասազերծել

Ծառայությունից հորդորում են՝ պայթուցիկ նյութ հայտնաբերելու դեպքում ձեռք չտալ, անգամ եթե վստահ են, որ այն վտանգավոր չէ:

Պայթուցիկ նյութ նկատելու դեպքում անհրաժեշտ է զանգահարել 911, 112 կամ 101 կարճ հեռախոսահամարներով: