Ընդդիմությունը արցախյան պատերազմը չի վերսկսելու. Վանեցյանը հերքեց Փաշինյանի խոսքերը

Արթուր Վանեցյանի խոսքով`Արցախում պատերազմը հրահրել է Նիկոլ Փաշինյանն իր ապաշնորհ արտաքին քաղաքականությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի - Sputnik. «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ընդդիմության հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ վերջին օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրակարգ է բերում կեղծ պնդումներ, որով փորձում է պահել իր իշխանությունը։ Մանավորապես Վանեցյանը հերքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այն մասին, որ ընդդիմությունը ցանկանում է խափանել նոյեմբերի 9-ին Ռուսաստանի և Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը։

Վանեցյանը նշել է ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի հրաժարականի պատճառը

«Նիկոլ Փաշինյանը արտաքին լսարանի համար ասում է, որ եթե Հայաստանի քաղաքական ուժերը հասնեն իմ հրաժարականին, ապա այն հայտարարությունը, որը ստորագրվել է, չեղարկվելու է և պատերազմը սկսվելու է։ Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ մենք պատերազմ սկսելու մտադրություն չունենք։ Մենք ասում են, որ այս ստորացուցիչ հայտարարությունը ստորագրած, պարտված առաջնորդը չի կարող ներկայացնել հայերի շահերը կնքվող պայմանագրում»,-հայտարարել է Վանեցյանը։

Նրա խոսքով` պատերազմը հրահրել է Նիկոլ Փաշինյանն իր ապաշնորհ արտաքին քաղաքականությամբ։

Վանեցյանը նաև հերքեց Փաշինյանի այն պնդումը, թե եթե ինքը հանկարծակի հեռանա, նրան փոխարինելու են նախկինները:

Վանեցյանը կոչով դիմել է նրանց, ում Փաշինյանը պաշտոն կառաջարկի

«Դա կեղծ օրակարգ է, նախկինին վերադարձ չի լինելու: Ներկան մերժվել է: Մենք ապագան ենք, գալիս ենք նոր դեմքերով, նոր մտքերով եւ նոր տեսլականով»,-հայտարարեց Վանեցյանը։

Հավելենք, որ ընդդիմության բողոքի ակցիաները՝ վարչապետի հրաժարականի պահանջով, սկսվել են Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ Արցախյան ռազմաճակատում հրադադար հաստատելու վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։