Երևանում կայացել է Փաշինյանի ու Լավրովի հանդիպումը

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսուն լուսանկար է հրապարակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Երևանում ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել։

«Դրամատուրգիա», - լուսանկարին կից գրել է նա։

Լավրովի հետ հանդիպման վերաբերյալ գրառում է արել նաև ՀՀ վարչապետը։

«Բովանդակալից զրույց ունեցանք ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ,– գրել է նա Facebook–ի իր էջում։

Հիշեցնենք, որ ռուսական պատվիրակությունն այսօր է ժամանել Երևան։ Նշենք, որ Ռուսաստանի կառավարական պատվիրակության կազմում են եղել ՌԴ կառավարության նախագահի տեղակալներ Ալեքսեյ Օվերչուկը և Ալեքսեյ Նովակը, Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, Դաշնային անվտանգության ծառայության 5-րդ ծառայության ղեկավար Սերգեյ Բեսեդան, Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում Դաշնային վերահսկողական ծառայության ղեկավար Աննա Պոպովան, ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն, Ֆինանսների նախարարի տեղակալ Թիմուր Մաքսիմովը, պաշտոնատար այլ անձինք: