ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Ռուս խաղաղապահները Արցախ վերադարձող բնակիչներին տեղափոխող ավտոբուսների ևս մեկ շարասյուն են ուղեկցել Ստեփանակերտ: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։ Նշվում է, որ մեկ օրում ավելի քան 1100 մարդ է վերադարձել Ստեփանակերտ:
Նշենք, որ այսօր ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նշել էր, որ արդեն շուրջ 7000 փախստական է վերադարձել Ղարաբաղ։
Նրա խոսքով`ռուս խաղաղապահներն անվտանգ միջանցքներ են ապահովում Ստեփանակերտ տանող ճանապարհին։
Շոյգուն շեշտել էր, որ բոլոր նրանք, ովքեր կցանկանան վերադառնալ ԼՂ, կկարողանան դա անել։
Նշենք, որ փախստականների վերադարձի անվտանգության և շփման գծի միջոցով քաղաքացիական անձանց տեղաշարժը կազմակերպվում է Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ղեկավարության և վերահսկողության ներքո:
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։
Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ
Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։
Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։
Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։
Փարիզը Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության մասին իմացել է Փաշինյանի Facebook-յան էջից