ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Ռուսաստանի հետ պետք է նորովի դիտարկեն ռազմավարական տեսլականը մոտակա և ռազմավարական ապագայի համատեքստում: Փաշինյանը նման կարծիք է հայտնել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած կառավարական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։
«Կարծում եմ` այս առումով մենք ունենք ընդհանուր հայացքներ և ծրագրեր, որոնք այսօրվա բանակցությունների ընթացքում պետք է հստակեցնենք։ Ունենք քննարկման բավականին մեծ օրակարգ, վստահ եմ` կգանք բավականին շատ հարցերի լուծման ոչ միայն ընթացիկ, այլ նաև ռազմավարական բնույթի»,–ասել է Փաշինյանը։
Վարչապետը հայտնել է` շատ բարձր է գնահատում Լավրովի ներկայությունը Հայաստանում։ Դա, ըստ նրա, շատ կարևոր է ոչ միայն շարունակելու, այլ նաև հաշվի առնելով ընթացիկ իրավիճակի յուրահատկությունը` ամրապնդելու եղած կապերը, փոխգործակցությունը, որպեսզի հաղթահարեն այն իրավիճակը, որը ստեղծվել է Հայաստանում և տարածաշրջանում:
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ռուսաստանցի գործընկերներին այն աջակցության համար, որը նրանք ցուցաբերել են ոչ միայն ռազմական ճգնաժամի, այլ նաև կորոնավիրուսի ընթացքում:
«Կարծում եմ` բոլորս այս ժամանակահատվածում, հատկապես վերջին ամիսների ընթացքում զգացել ենք Ռուսաստանի աջակցությունը և այն բարեկամական ու դաշնակցային հարաբերությունները, որոնք մեր երկրների միջև ավանդաբար առկա են»,–ասել է Փաշինյանը։
Նշենք, որ Ռուսաստանի կառավարական պատվիրակության կազմում են եղել ՌԴ կառավարության նախագահի տեղակալներ Ալեքսեյ Օվերչուկը և Ալեքսեյ Նովակը, առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, Դաշնային անվտանգության ծառայության 5-րդ ծառայության ղեկավար Սերգեյ Բեսեդան, Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում Դաշնային վերահսկողական ծառայության ղեկավար Աննա Պոպովան, ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն, Ֆինանսների նախարարի տեղակալ Թիմուր Մաքսիմովը, պաշտոնատար այլ անձինք:
ՌԴ միջգերատեսչական պատվիրակության՝ Հայաստան կատարած այցի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ արտգործնախարարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։