Լավրովը հույս ունի, որ ՅՈՒՆԵՍԿՕ–ն ԼՂ–ի հուշարձանների հետ չի վարվի Հալեպում եղածների պես

Ռուսաստանի ԱԳ ղեկավարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարության հետ խոսել է կառույցի` ԼՂ հուշարձանների պահպանության հարցում ավելի նախաձեռնողական մասնակցության առնչությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Ռուսական կողմը հուսով է, որ ՅՈւՆԵՍԿՕ-ն մեծ ակտիվություն կցուցաբերի Լեռնային Ղարաբաղում հուշարձանների պահպանման հարցում: «Զվարթնոց» օդանավակայանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Գարեգին Բ–ն երախտագիտություն է հայտնել Վլադիմիր Պուտինին

Նախարարի խոսքով` նախօրեին ՅՈւՆԵՍԿՕ-ի ղեկավարության հետ խոսել է գոյություն ունեցող կոնվենցիաներին համապատասխան ավելի նախաձեռնողական մասնակցության առնչությամբ` Լեռնային Ղարաբաղում մշակութային, քաղաքակրթական, կրոնական ժառանգության պահպանման աշխատանքներում։ Լավրովը զրույցի ընթացքում ընդգծել է, որ դա շատ կարևոր ներդրում կլիներ աշխարհի այս հնագույն տարածաշրջանում միջկրոնական, ազգամիջյան հաշտեցման և համերաշխության ապահովման գործում:

«Ակնկալում ենք, որ ՅՈւՆԵՍԿՕ-ն այստեղ ավելի մեծ ակտիվություն կցուցաբերի, քան Սիրիայում։ Այսինքն կարծում եմ, որ չնայած Հալեպում և Պալմիրայում մշակութային հուշարձանների պահպանության ապահովման վերաբերյալ բազմաթիվ դիմումներին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեր բարեկամներն իրենց այնքան էլ ակտիվ չդրսևորեցին»,–ասել է Լավրովը։

Պուտինը խոսել է Ղարաբաղի սրբավայրերի մասին

Հիշեցնենք, որ այսօր Երևան է ժամանել ՌԴ բարձրաստիճան պատվիրակություն, որի կազմում են պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան ու այլ պաշտոնատար անձինք։

Լավրովն ու Շոյգուն առանձին հանդիպումներ են ունեցել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Հավելենք, որ ադրբեջանցիները թե պատերազմի օրերին, թե դրանից հետո բազմաթիվ պատմական, կրոնական հուշարձաններ են վնասել կամ պղծել, այդ թվում Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին ու Կանաչ ժամը։