Կներդնեմ այն լավն ու դրականը, որ ունեցել եմ բանակում. ԱԻ նորանշանակ նախարար

Փաշինյանն այցելել էՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն, ներկայացրել Անդրանիկ Փիլոյանին։ Խոսել է նաև Ֆելիքս Ցոլակյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Քանի որ արտակարգ իրավիճակների ոլորտը նորություն է ՀՀ արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Անդրանիկ Փիլոյանի համար, որովհետև բանակից է տեղափոխվում այնտեղ, նա կներդնի այն լավն ու դրականը, որ ունեցել է բանակում։ Փիլոյանը նման կարծիք է հայտնել, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարարին։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Այն քայլը, որ պարոն Ցոլակյանի գլխավորությամբ արված է այս կառույցում, կփորձեմ մեկով կամ երկուսով ավելացնել: Ամեն դեպքում, ես այստեղ եկել եմ ձեր հորդորով, միայն ու միայն մի պայմանով, որ ազգիս և մեր հայրենիքին լինեմ օգտակար»,-դիմելով վարչապետին ասել է Փիլոյանը։

Վարչապետն իր խոսքում նշել է, որ ոլորտը և աշխատանքի բնույթը բոլորովին նոր է Փիլոյանի համար, քանի որ նա նախարարություն է տեղափոխվում բանակից։ «Բայց, ըստ էության, նախարարությունը, փրկարար ծառայությունը նույնպես մեր Զինված ուժերի մասն են, և այդ առումով կարող ենք ասել, որ փոփոխությունն այդքան էլ մեծ չէ և նույնպիսի անելիքներ կան նաև արտակարգ իրավիճակների նախարարությունում»,–ասել է Փաշինյանը։

Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ համատեղ աշխատանքի համար և նորանշանակ նախարարին հաջողություններ մաղթել ստանձնած պաշտոնում: Ցոլակյանն ասել է, որ շատ ծանր օրեր են եղել վերջին 8 ամիսը՝ համակարգն աշխատել է ժամացույցի նման։

Ի՞նչ է հայտնի Տոնոյանին, Ցոլակյանին ու Բաթոյանին փոխարինած նախարարների մասին

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի` նոյեմբերի 21-ին ստորագրած հրամանագրերի համաձայն` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ազատվել է աշխատանքից, նրա փոխարեն նշանակվել է Անդրանիկ Փիլոյանը։

Պետք է հասկանանք` որտեղ ենք սխալվել. Փաշինյանը` պաշտպանության նորանշանակ նախարարին

Գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը 54 տարեկան է։ Հայկական բանակի կազմավորումից հետո անցել է ծառայության որպես սպա։ Եղել է առանձին գումարտակի հետախուզական դասակի հրամանատար, հետախուզության պետ, այնուհետև գումարտակի հրամանատարի տեղակալ, գումարտակի հրամանատար, գնդի շտաբի պետ, բրիգադի հրամանատարի տեղակալ։ Մոսկվայի համազորային ակադեմիան գերազանց գնահատականներով ավարտելուց հետո նշանակվել է գնդի հրամանատար, այնուհետև բանակային զորամիավորման հրամանատարի տեղակալ, իսկ հետո` 5-րդ բանակային զորամիավորման հրամանատարը։

«Ես մեծ հույս ունեմ, որ Դավիթ Տոնոյանն էլ կխոսի». Տիգրան Աբրահամյան