Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

Ղարաբաղում ռուսական առաքելության ներկայությունը չափազանց կարևոր է Հարավային Կովկասի և Մերձկասպյան տարածաշրջանի կայունության պահպանման համար։
Sputnik

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Լեռնային Ղարաբաղում ռուս զինծառայողների ներկայությունը նվազեցնում է հակամարտության ռազմական լուծման հավանականությունը՝ այն հասցնելով գրեթե զրոյական մակարդակի, թույլ է տալիս Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարությանը վերադառնալ բանակցությունների սեղանին, իսկ տեղի բնակիչներին՝ վերադառնալ տուն: Դա Ռուսաստանի արտաքին քաղաքականության արդյունավետության, անթերի կազմակերպման և ՌԴ Զինված ուժերի մարտունակության բարձր մակարդակի ցուցադրությունն է։

Վաղարշակ Հարությունյանը և Սերգեյ Շոյգուն խաղաղապահներին առնչվող փաստաթղթեր են ստորագրել

Հակամարտության գոտում խաղաղապահ ուժերն իրենց գործողություններով բացառում են հակառակորդների զինված բախումները։ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռները շարունակում են տեղափոխել 15-րդ մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումներն ու տեխնիկան, որը Հարավային Կովկասում կայունության նոր հուսալի երաշխիք է դառնում: Գործողության մեկնարկից հետո Հայաստանի Հանրապետության տարածքից Ստեփանակերտ ու Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրեր են վերադարձել ավելի քան 7 հազար փախստականներ:

Լեռնային Ղարաբաղում մարդասիրական բարդագույն խնդիրների լուծման համար միջգերատեսչական արձագանքման կենտրոնի կազմում գործում են Ռուսաստանի ԱԻՆ համահավաք ջոկատը և հինգ մասնագիտացված կառույցներ՝ հումանիտար ականազերծման, բժշկական, տրանսպորտային և առևտրատնտեսական ապահովման, հակամարտող կողմերի հաշտեցման:

Ինչպես են ռուս խաղաղապահները դիտակետեր տեղակայում Արցախում. տեսանյութ

«Հյուսիս» և «Հարավ» անվտանգության գոտիներում գտնվող դիտակետերը, պարեկապահակային և ոստիկանական գործառույթները տեսանելի են անզեն աչքով։ Ռուս խաղաղապահներն ապահովում են Լաչինի միջանցքով քաղաքացիական ավտոտրանսպորտի երթևեկության անվտանգությունը, զննում են մեքենաները՝ զենքի տեղափոխումը կանխելու համար: Ղարաբաղում ռուսական գործողության շատ խնդիրներ, կառույցներ, մեխանիզմներ ու ալգորիթմներ այդքան ակնհայտ չեն։ Ղարաբաղի իրավիճակը պատմության մեջ աննախադեպ է և խիստ պահանջներ է ներկայացնում 15-րդ մոտոհրաձգային բրիգադի զինծառայողներին։

Ռուս խաղաղապահներն ականազերծել են Լաչինի միջանցքը. տեսանյութ

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը կվերահսկի Հայաստանի կողմից Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության արևմտյան շրջանների միջև տրանսպորտային հաղորդակցության ապահովումը (քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն երկու ուղղություններով): ՌԴ կառավարությունը կհոգա խաղաղապահների գործունեության հետ կապված ծախսերի ֆինանսավորումը։ Նման գործողության գինը տարեկան մի քանի հարյուր միլիոն դոլար է (անձնակազմի ապահովում, տեխնիկայի շահագործում, վառելիքի ծախս), բայց Հարավային Կովկասի անվտանգությունը գումարով չի չափում։

Գործողության նշանակությունը հսկայական է, վարկանիշը՝ ամենաբարձրը։ Թող որ Ղարաբաղում գտնվող ռուսական առաքելությունն ամենամեծը չէ (ՄԱԿ-ի չափանիշներով), բայց չափազանց կարևոր է Հարավային Կովկասի և Մերձկասպյան տարածաշրջանի կայունության պահպանման համար։

Մերձավոր երկրներ

Ռուս խաղաղապահները շատ բան են արել հետխորհրդային տարածքում անվտանգության ամրապնդման համար՝ Աբխազիայում, Հարավային Օսեթիայում, Տաջիկստանում, Մերձդնեստրում: Եվ այդուհանդերձ Լեռնային Ղարաբաղի վերջին ողբերգական իրադարձությունները վկայում են, որ ԱՊՀ երկրների միջև պահպանվում է զինված հակամարտությունների ներուժը։ Աշխարհի խոցելիության օրինակներ տեսնելու համար պետք չէ հեռու գնալ։

Երեկ Մոլդովայի նորընտիր նախագահ Մայա Սանդուն ծրագրային (կամ հերթապահ) հայտարարություն արեց Մերձդնեստրից ռուս զինծառայողներին դուրս բերելու անհրաժեշտության մասին: Հնարավոր է` նա մոռացել է, որ դա Արևելյան Եվրոպայի տարածքում միակ տարածաշրջանն է, որտեղ խաղաղապահ զորակազմ մտցնելուց հետո՝ 1992 թվականին, համապատասխան համաձայնագրի հիմքով, ռազմական գործողությունները դադարել են և չեն վերսկսվել 28 տարի շարունակ։

Ռուսական խաղաղապահ ուժերի դիտակետը Լաչինի միջանցքում. լուսանկարներ

Մերձդնեստրում է գտնվում ռուսական զորքերի օպերատիվ խումբը, որի գլխավոր խնդիրներից մեկը հին զինամթերքի հսկայական (ավելի քան 20 հազար տոննա) և խիստ վտանգավոր զինանոցի պահպանությունն է Կոլբասնա բնակավայրի մերձակայքում (1990-ականների սկզբին այստեղ էին տեղափոխում խորհրդային զորքերի ռազմամթերքը Գերմանիայից, Հունգարիայից, Լեհաստանից): Զինանոցը տեղում ոչնչացնել հնարավոր չէ, դուրս բերելը նույնպես խնդրահարույց է. կպահանջվի մոտ 2500 վագոն, սակայն զինամթերքի 57%–ն արդեն հնարավոր չէ տեղափոխել։ Եթե ռուսները հեռանան, Մոլդովայում իրավիճակը պայթյունավտանգ կլինի բառի ամենաուղիղ իմաստով։ Հույսը պրագմատիզմն է։

Խաղաղապահների արդյունավետության մի օրինակ բերեմ Կենտրոնական Ասիայի ուղղությունից։ Հիշեցնեմ, որ Ռուսաստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը և Ղրղզստանը 1993թ․-ին որոշում են ստորագրել Հավաքական խաղաղապահ ուժերի (ՀԽՈւ) ստեղծման մասին, որոնք դարձել են տարածաշրջանային կայունության հիմքը։

«Եթե գալու էիք, խի՞ շուտ չեկաք». ինչպես են Հայաստանում դիմավորել ռուս խաղաղապահներին

Այդ ժամանակ ՀԽՈւ-ի կազմը ներառում էր Ռուսաստանի զինված ուժերի 201-րդ մոտոհրաձգային դիվիզիան և Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի ստորաբաժանումները։ Խաղաղապահների հավաքական ջանքերով նույն թվականին հաջողվեց դադարեցնել զինված հակամարտությունը Տաջիկստանում: Հանրապետությունում մնաց Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության օպերատիվ խումբը, իսկ 2005 թվականին Տաջիկստանում 201-րդ մոտոհրաձգային դիվիզիայի բազայի վրա ստեղծվեց 201-րդ (ըստ էության՝ խաղաղապահ) ռուսական ռազմաբազան:

Ռուսաստանի Դաշնությունը` որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ, միջազգային հանրության մյուս անդամների հետ պատասխանատվություն է կրում ամբողջ մոլորակի խաղաղության համար: Կանխում և վերացնում է ազգամիջյան և միջհամայնքային հակամարտությունները հետխորհրդային տարածքում և հեռավոր երկրներում՝ առանձին (ինքնավար) առաքելությունների, ՄԱԿ-ի ուժերի և ՀԱՊԿ-ի կոնտինգենտի կազմում:

Հարավսլավիայից մինչև Անգոլա

Ռուս խաղաղապահները զգալի փորձ ունեն, և պատահական չէ, որ ՄԱԿ-ում ռազմական դիտորդների թվով ՌԴ-ն առաջին տասնյակում է։

Նման առաքելությունները պայմանականորեն բաժանվում են երկու տեսակի՝ խաղաղության պահպանում և խաղաղության պարտադրում։ Կախված հակամարտության գոտում տիրող իրավիճակից` խաղաղապահ ուժերի առաջնային խնդիրները և գործողությունները, գործողության կարգավիճակը կարող են փոփոխվել: Այսպես, 2008թ. օգոստոսին վրաց-օսական հակամարտության գոտում խաղաղության պահպանման գործողությունը վերածվեց Վրաստանին խաղաղություն պարտադրելու գործողության (վրացական կողմի՝ ռազմական գործողությունների սկսվելուց և ՌԴ խաղաղապահների դիրքերի վրա հարձակվելուց հետո)։

Պուտինն ասել է` որ դեպքում է հնարավոր Ղարաբաղում ռուս խաղաղապահների թվի ավելացումը

Ռուս զինծառայողները սկսել են միջազգային դժվարին փորձ ձեռք բերել 1992 թվականից Հարավսլավիայում խաղաղություն պահպանելու ՄԱԿ-ի գործողություններում (1992-2003թթ.), երբ ռուսական զորակազմում 1600 մարդ էր ընդգրկված: Ավելի ուշ նմանատիպ խնդիրներ լուծվեցին Անգոլայում, Լիբերիայում, Մոզամբիկում, Կոտ դ’Իվուարում, Ռուանդայում, Բուրունդիում, Եթովպիայում, Սուդանում, Չադի Հանրապետությունում և Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում (ԿԱՀ):

Յուրաքանչյուր առաքելություն իր բնութագրական առանձնահատկություններն ունի` ըստ հակամարտության կարծրության, անվտանգության գոտում մարտական հակազդեցության ռիսկայնության, ներգրավվող զորքերի և ուժերի քանակի, լոգիստիկայի և ռոտացիայի առանձնահատկությունների, տեղի բնակչության բնույթի ու բնակլիմայական պայմանների։

Զինծառայողները պետք է արագ հարմարվեն անծանոթ երկրի «անկայուն խաղաղության» իրադրությանը և մշտական մարտական պատրաստության մեջ մնան գործուղման ողջ ժամանակահատվածում: Ռոտացիան սովորաբար իրականացվում է կես տարին մեկ, և դա ռազմական խաղաղապահների համար ոգու ուժի ու ֆիզիկական տոկունության խիստ փորձություն է: Դիտորդական առաքելությունները գրեթե անզեն են, խաղաղապահ ուժերի մասնակցությամբ գործողությունների ժամանակ առավելապես թեթև սպառազինություն է կիրառվում։

Ռուս խաղաղապահներն այս տարի ծառայում են ՄԱԿ-ի ինը առաքելություններում՝ Արևմտյան Սահարայում (MINURSO), Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում (MINUSCA), Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (MONUSCO), Կիպրոսում (UNFICYP), Սուդանում (UNISFA), Կոսովոյում (UNMIK), Հարավային Սուդանում (UNMISS), Մերձավոր Արևելքում (UNTSO), Կոլումբիայում (UNVMC): Ամենախոշորը համարվում է ՄԱԿ-ի և Աֆրիկյան միության՝ Սուդանում ծավալված խաղաղապահ գործողությունը (ավելի քան 20 հազար զինծառայող): Չնայած էկզոտիկ աշխարհագրությանը, դա ծանր կյանքի համար մշտական վտանգ պարունակող աշխատանք է: Ամեն տարի աշխարհում զոհվում է մոտ 100 խաղաղապահ, և շատ դեպքերում՝ նպատակաուղղված հարձակումների ընթացքում։

Ռուս խաղաղապահների զորախմբի տեղաշարժը Լեռնային Ղարաբաղում. տեսանյութ