ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի - Sputnik. Կան հարցեր, որոնք լուծված չեն, բաց են մնում. հետագայում ինչպե՞ս է ապահովվելու մի քանի շրջանների բնակիչների վերադարձի իրավունքի կիրառումը, ո՞վ է ապահովելու արցախցիների անվտանգությունը, ինչպե՞ս է դա իրագործվելու։ Նման հարցադրումներով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, տեղեկացնում են վարչապետի մամուլի ծառայությունից։
«Դրանք, իհարկե, հարցեր են, որոնք գտնվում են մեր օրակարգում։ Մենք պետք է քննարկենք և որոշումներ ընդունենք այդ կապակցությամբ։ Մեզ համար ամենագլխավորը հարցը հումանիտար կողմն է՝ մենք պետք է ապահովենք Արցախի բնակիչների վերադարձն իրենց տներ։ Իհարկե, արդեն հիմա նկատվում է Արցախի բնակիչների՝ իրենց տներ վերադառնալու բավական լավ դինամիկա»,–ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով` ռուսաստանցի խաղաղապահները գտնվում են բոլոր նախանշված վայրերում, նրանք արդեն ապահովում են անվտանգությունը։
Ի պատասխան Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ նշել է, որ Հայաստան–Ռուսաստան համագործակցության առաջին պլանում այն հարցերն են, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղի շուրջ առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ:
Երևանում կայացել է Փաշինյանի ու Լավրովի հանդիպումը
«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը հնարավորություն է տալիս լուծել այդ հարցերը այն պայմանավորվածությունների հիման վրա, որոնք արձանագրվել էին երեք ղեկավարների կողմից ստորագրված փաստաթղթում։ Առաջին հերթին դա վերաբերում է փախստականների վերադարձին և ներկայիս իրավիճակի հումանիտար բոլոր հարցերի լուծմանը»,–ասել է Լավրովը։
Նա հայտնել է նաև, որ ի լրումն խաղաղապահների դերակատարությանը՝ միջգերատեսչական կենտրոնը, որն ստեղծվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով և արդեն սկսում է իր աշխատանքները, նույնպես կոնկրետ զբաղվելու է բոլոր այս հարցերով։ Լավրովն ասել է, որ համագործակցում են ՄԱԿ–ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ։
Նա նշել է` այցի ընթացքում կդիտարկեն նաև հայ–ռուսական հարաբերությունների ողջ համալիրը՝ Ռուսաստանի կառավարության պրոֆիլային փոխվարչապետերի գծով, առողջապահության, արտակարգ իրավիճակների նախարարների գծով։
Երևանում է նաև «Ռուսաստանի երկաթուղիներ»-ի գլխավոր տնօրենը։ «Համոզված եմ, որ այս ճյուղային բանակցությունների արդյունքներով կունենանք դրական և համալիր պատկեր, որն առաջ կմղի մեր հարաբերությունները և որը, ինչը և մենք անկեղծորեն ցանկանում ենք, կպաշտպանի ձեր նախաձեռնությունները՝ ուղղված Հայաստանում իրավիճակի կայունացմանը և ԼՂ հետ կապված խնդիրների լուծմանը»,–ասել է Լավրովը։
Նիկոլ Փաշինյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակին, հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք այլ հարցեր։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Արդեն շուրջ 7000 արցախցի է վերադարձել Ղարաբաղ. Սերգեյ Շոյգու
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ՝ ՄԱԿ Փախստականների հարցերով բարձր հանձնակատարի հսկողության ներքո։
Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։
Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ
Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։
Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։
Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։
Փարիզը Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության մասին իմացել է Փաշինյանի Facebook-յան էջից