ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Այսօր ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Եվգենի Զինիչևի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Նախարարները քննարկել են հետպատերազմական իրավիճակում ստեղծված իրողությունները և պատերազմի հետևանքների հաղթահարման հնարավորությունները:
Փիլոյանը կարևորել է ռուս գործընկերների արդյունավետ փոխգործակցության պատրաստակամությունը և համոզմունք հայտնել, որ ամեն ինչ կարվի հումանիտար աղետը կանխելու, պատերազմից հետո խաղաղ բնակչությանը բնականոն կյանքի վերադարձնելու համար:
Հումանիտար աջակցության ոլորտում առաջիկա անելիքների մանրամասները քննարկվել են նաև Հայաստանի և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպման ընթացքում։
Նշենք, որ այսօր ՌԴ միջգերատեսչական պատվիրակություն է ժամանել Հայաստան։ Պատվիրակության կազմում են Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխվարչապետներ Ալեքսանդր Նովակը, Ալեքսեյ Օվերչուկը, ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևը։