Դիմակավորված ոստիկանները չպետք է մասնակցեն խաղաղ հավաքների դադարեցմանը. Հայաստանի ՄԻՊ

Պաշտպանի կարծիքով՝ նման գործելակերպը կարող է դժվարացնել ենթադրյալ իրավախախտների անհատականացումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի - Sputnik. Ոստիկանության դիմակավորված ծառայողների ներգրավումը հանրային վայրում, այն էլ ցերեկային ժամին տեղի ունեցող քաղաքացիական ակցիան կամ խաղաղ հավաքը դադարեցնելու կամ մարդկանց բերման ենթարկելու համար, պետք է բացառվի: Նման դիտարկում է Facebook-ի իր էջում արել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Սև հանդերձանք, չինարեն գրություններ. ովքե՞ր էին Երևանում քաղաքացիներին բերման ենթարկողները

Նրա կարծիքով՝ դիմակավորված լինելը կարող է դժվարացնել ենթադրյալ իրավախախտների անհատականացումը վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքներ կամ տեղեկություններ քննելիս:

Պաշտպանի խոսքով՝ ոստիկաններին պետք է հնարավոր լինի անհատապես նույնականացնել, ինչը նաև նրանց կողմից հնարավոր որևէ տեսակի վատ վերաբերմունք թույլ չտալու երաշխիք է:

Բողոքի ակցիայի մասնակիցները Գյումրիում փողոց են փակել. կան բերման ենթարկվածներ

«Ոստիկանությունը պետք է գործի այնպես, որ ապահովված լինի իր գործողությունների կանխատեսելիությունը և որոշակիությունը հավաքի կամ քաղաքացիական որևէ այլ ակցիայի մասնակիցների համար: Խոսքը վերաբերում է նաև նրան, որ մարդու համար պետք է պարզ լինի ոստիկանության ծառայողի որոշակիացված հանդերձանքը»,- նշված է ՄԻՊ գրառման մեջ։

Թաթոյանը նշում է, որ ոստիկանությունից հավաստիացրել են՝ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության ծառայողներ։ Հայաստանի ՄԻՊ-ը նշում է, որ նման երևույթ իրենք արձանագրել են նաև 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների ժամանակ, երբ մի շարք դեպքերում հանրային վայրերում հավաքներ կամ քաղաքացիական այլ ակցիաներ իրականացնելու համար ներգրավվում էին ոստիկանության դիմակավորված ծառայողներ:

Վարչապետի գրառումը խիստ վտանգավոր է. ՀՀ ՄԻՊ–ը արձագանքել է

Պաշտպանը շեշտում է՝ դիմակների կամ այլ հատուկ հանդերձանքի օգտագործումը կարելի է միայն հատուկ դեպքերում։ Դրանց գործածման անհրաժեշտությունը հիմնավորվում է կոնկրետ իրավիճակի հանգամանքներով՝ ոստիկանների անվտանգության ու իրավաչափ այլ նպատակների համար:

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ այսօր ոստիկանության Երևանի և Գյումրիի բաժիններ արագ արձագանքման այցեր են իրականացվել։

Արձանագրած արդյունքները կամփոփվեն և անհրաժեշտ պարզաբանումների պահանջով համապատասխան գրություններ կուղարկվեն իրավասու պետական մարմիններին:

Երևանում իրավիճակը լարվել է. պահանջում են ՀՀ վարչապետի հրաժարականը

Հավելենք, որ այսօր մայրաքաղաքում ու Գյումրիում բողոքի ակցաներ են ընթացել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Բերման են ենթարկվել ավելի քան 80 մարդ։