Ճակատագրական լուսանկար. Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարը հրաժարական է տվել

Թեպետ աշխատակազմի ղեկավարը չի նշում, սակայն կարելի է ենթադրել, որ հրաժարականի պատճառը լուսանկարն էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի - Sputnik. Քիչ առաջ աշխատանքից ազատման դիմում է գրել Երևանի Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի ղեկավար Սահակ Ասատրյանը։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում անձամբ է հայտնել։

«Այսօր տեղի է ունեցել մի միջադեպ, որում ես խախտել եմ համայնքային ծառաության կարգապահական կանոնները»,- գրել է Ասատրյանն ու նշել՝ մանրամասնել չի ցանկանում։ Նա շնորհակալություն է հայտնել իր թիմին, բնակիչներին ու ղեկավարությանը։

Երևանի մի շարք թաղամասերում ու մարզերում ջրամատակարարման նոր գրաֆիկ է սահմանվել

Նշենք, որ ժամեր առաջ Սահակ Ասատրյանը Facebook-ի իր էջում լուսանկար էր հրապարակել իր աշխատասենյակից։ Լուսանկարները, սակայն, ներկայացնում էր աշխատակազմի ղեկավարի ոչ թե աշխատանքը, այլ՝ ընկերների հետ հացկերույթը։ Լուսանկարում Սահակ Ասատրյանը երկու ընկերների հետ է, աշխատասեղանն էլ ծանրաբեռնված է խորովածով ու խմիչքով։

Եվս մեկ հրաժարական. պաշտոնից ազատվելու դիմում է գրել Արարատ Միրզոյանի խորհրդականը

«Պատերազմից հետո ախպերներով առաջին անգամ հանդիպեցինք»,- այսպես էր մակագրել լուսանկարը Ասատրյանը։

Լուսանկարը մի շարք քննադատությունների է արժանացել։ Մասնավորապես, նշվում էր, թե այսքան մեծ թվով զոհերի դեպքում լուսանկարն ու նման պահվածքը վիրավորում են մարդկանց զգացմունքները։