ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Ներկայիս քաղաքական անկայունությունը չի կարող չազդել Հայաստանի վարկային վարկանիշի վրա։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասել է տնտեսագիտության դոկտոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը։
Միջազգային վարկանիշային կազմակերպությունները, այդ թվում՝ Moody-ն և Fitch-ը, հետազոտում են իրավիճակը տարածաշրջանի երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։ Պետք է խոստովանել, որ այն, ինչ տեղի է ունենում հանրապետությունում, հաշվի կառնվի և վարկանիշի վրա կանդրադառնա ոչ դրական, նշել է փորձագետը:
Երբ օբյեկտիվ տնտեսական անկմանն ավելանում է նաև քաղաքական անկայունությունը, դժվար է այլ բան ակնկալել, հավելել է նա։
Այս պահին երկրում մոտ 3%-ով նվազել է ազգային արժույթի փոխարժեքը դոլարի նկատմամբ․ սա առաջին ազդակներից մեկն է, ըստ որոնց արդեն հիմա կարելի է դատել իրավիճակի վատացման մասին։
Ղարաբաղյան պատերազմը ևս ազդել է ԱՊՀ-ում տնտեսական ակտիվության վրա․ Միշուստին
Նշենք, որ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նախկին պաշտոնյաներից մեկը նշել էր, որ նույնիսկ Արցախում պատերազմական գործողություններից առաջ տնտեսական քաղաքականության մեջ ընթացիկ ծախսերի ուղղությամբ շեղում էր նկատվում, իսկ կապիտալ ծախսերն արդեն երկրորդ տարին է՝ թերակատարվում են։ Սա նվազեցնում է տնտեսական ակտիվության և արտադրողականության աճի հնարավորությունը։ Իսկ այդ պարագայում վերջին երկու տարիներին կատարված կենսաթոշակների ու պետական աշխատողների աշխատավարձերի բարձրացումը հուսալի տնտեսական հենարան չունի։
Ցավոք, տնտեսության վերականգնմանն այնքան էլ չի օգնում նաև 150 մլրդ դրամի (մոտ 300 մլն դոլար) աջակցության փաթեթը, որը կառավարությունն առաջարկել է բիզնեսի և քաղաքացիների սոցիալական աջակցության համար։
«Այդ ծրագրերի հասցեատերերը մեծ մասամբ, պարզվում է, նրանք չենք, ովքեր ունեն դրա կարիքը, մենք դեռ հանդես կգանք այդ հարցի ուսումնասիրությամբ»,-նշել է փորձագետը։
Կառավարությունում բացակայում են քաղաքական կապերով չկաշկանդված որակավորված մասնագետները, որոնք կարող են սոցիալ-տնտեսական աջակցություն կազմակերպել, հավելել է նա:
Հիշեցնենք, որ 2020թ․-ի տվյալներով ՀՀ ֆինանսների նախարարությունը և Արժույթի միջազգային հիմնադրամը մոտ 7 տոկոս տնտեսական անկում են կանխատեսում, հիմնականում կորոնավիրուսի համավարակի, ինչպես նաև Արցախում պատերազմական գործողությունների պատճառով։ Բացի այդ, երկրում ցույցեր են սկսվել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Մի քանի նախարարներ արդեն լքել են կառավարությունը (աշխատանքի և սոցիալական հարցերի, ԱԻՆ, պաշտպանության և արտաքին գործերի նախարարները)։
Հազացողներին խանութում չեն սպասարկի, տարեցներն էլ խանութ գնալու հատուկ ժամ չեն ունենա
Նշենք, որ վարկային վարկանիշն ազդում է պետության հանդեպ ներդրողների վստահության, ինչպես նաև այն գործոնի վրա, թե որքան շահավետ պայմաններով երկիրը կարող է պետական պարտք ստանալ։