«Ամեն ինչ կառուցվել է ստի ու ֆեյքերի վրա». Ծառուկյանը վարչապետ դառնալու ցանկություն չունի

ԲՀԿ ղեկավարի խոսքով` վարչապետի հրաժարականն անհրաժեշտ է, որովհետև աշխարհում չկա որևիցե դեպք, որ իշխանության ղեկավարը նման պարտություն կրելուց հետո նորից հնարավորություն ունենա բանակցելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կարծում է, որ ներկայիս իշխանությունը հաջողություն չի ունենա, որովհետև երկուսուկես տարի հիմնականում ամեն ինչ կառուցվել է ստի ու ֆեյքերի, ֆեյսբուքների վրա։ Ծառուկյանը նման կարծիք հայտնեց Սաթիկ Սեյրանյանի «Pressing» հաղորդաշարի շրջանակում։

«5 ժամ բանակցում էին, հետո ասում` սուրճ ենք խմել, կոնսուլտացիա ենք արել». Գագիկ Ծառուկյան

«Այդ ֆեյքերով երկիր է կառավարվել։ Իրական կյանքը լրիվ ուրիշ է, այնտեղ լրիվ ուրիշ է»,–ասաց Ծառուկյանը։

Նրա կարծիքով` այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն անհրաժեշտ է, որովհետև աշխարհում չկա որևիցե դեպք, որ իշխանության ղեկավարը, երկրի գերագույն ղեկավարը նման պարտություն կրելուց հետո նորից հնարավորություն ունենա բանակցելու։

«Եթե որևէ մեկն ինձ ապացուցի, որ դրանից հետո հնարավոր է բանակցել, ես ասեմ` հնարավոր է։ Անհնար է։ Նա վայրկյան շուտ պիտի հրաժարական տար։ Ամեն վայրկյանն աշխատում է ի վնաս մեզ»,– նշեց ԲՀԿ առաջնորդը:

Անդրադառնալով Փաշինյանի ներկայացրած 6–ամսյա ճանապարհային քարտեզին` Ծառուկյանն ասել է` իշխանությունն ինչ էլ անի, չի կարող որևէ դրական փոփոխության հասնել։ Նրա խոսքով` այսօր ոչ ոք մեզ հետ ո՛չ խնդիր կկարգավորի, ո՛չ ներդրում կանի, ո՛չ գումար կտրամադրի, քանի որ մենք ամենավերջին էջում ենք հայտնվել։ Ծառուկյանն ասում է` փոփոխություններ ցանկանալը մի բան է,աթոռին կառչած լինելը` այլ բան։ Նրա խոսքով` փոփոխության համար պետք է հիմք լինի, ինչը չկա։

«Փաշինյանը, սպասարկելով որոշ արևմտյան ուժերի, դավաճանել է հայի շահը». ԲՀԿ

Ավելին, ԲՀԿ ղեկավարը վստահ է` նախարարներին փոխելն էլ հարց չի լուծի. այսօր ոչ թե պետք է մարդկանց փոխել, այլ ամբողջ ծրագիրը, կարգավորվեն տարածքային անվտանգության երաշխավորի` բարեկամական երկրի հետ հարաբերությունները։

«Այսօր մեկին պաշտոնին դնելը ճարտար խոսելը չէ։ Ներկա իրավիճակում ցանկացած բանիմաց մարդ այս ծանրության տակ չի մտնի։ Հարցն այն է, որ դա ոչ միայն, ճարտար խոսելով կամ երդվելով պետք է իրականություն դարձնես, կամ սուտ ասելով։ Ժողովուրդը ոնց ընտրել է, այնպես էլ պիտի պահանջի Փաշինյանի հրաժարականը։ Մենք չենք ասում` հեղաշրջում, արյունահեղություն պիտի լինի։ Ո՛չ, ցիվիլ ձևով, ոնց որ կարգն է»,–ասաց Ծառուկյանը։

Անդրադառնալով իր` վարչապետ դառնալու հնարավորությանը` Ծառուկյանը նշեց` ինքը նման ցանկություն չունի։ Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ եթե նորերը հեռանան, հներն են իշխանության գալու, նա վստահեցրեց` հներն անցյալ են, հները չեն գալու։

«Ժողովուրդը մտածում է` եթե սա գնա, նախկիններն են գալու։ Ոչ, սա մեխանիզմ է, որ ժողովրդին դնեն թյուրիմացության, շփոթության մեջ»,–ասաց Ծառուկյանը և ավելացրեց` անցյալն անցյալ է մնում. հետադարձ ճանապարհ չկա։։

Հիշեցնենք, որ այս օրերին բողոքի ակցիաներ են ընթանում Փաշինյանի հրաժարականի պահանջով։ ԲՀԿ–ն նույնպես մասնակցում է դրանց։

Երևանում փողոցներ են փակում Փաշինյանի հրաժարականի պահանջով. տեսանյութ