ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան

Ռուսական պատվիրակությունը հայ գործընկերների հետ կքննարկի Ղարաբաղում տիրող իրավիճակը, խաղաղապահների տեղակայումը, ռուսական ֆինանսական, տեխնիկական օգնության ցուցաբերումը, ԱԻՆ գծով աջակցությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երևան է ժամանել ՌԴ միջգերատեսչական պատվիրակության կազմում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Արդեն հայտնել էինք, որ Երևան է ժամանել նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Նա արդեն հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Սպասվում է նաև, որ ՀՀ կժամանեն ՌԴ փոխվարչապետներ Ալեքսանդր Նովակը, Ալեքսեյ Օվերչուկը և այլ պաշտոնյաներ։

Ռուսաստանի ԱԳՆ-ից ավելի վաղ հայտնել էին, որ միջգերատեսչական պատվիրակությունը կայցելի նաև Բաքու։

«Այլընտրանքը պատերազմն է»․ Պուտինը՝ Արցախի համաձայնությունները խափանելու փորձերի մասին

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել: