ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Պատերազմի ընթացքում տեղահանվել է Շուշիի ամբողջ բնակչությունը` Քարինտակ գյուղի բնակիչների հետ միասին, մոտավորապես 6000–ից ավելի մարդ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում փոխանցել է Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Վյաչիսլավ Գաբրիելյանը։ Նա հիմա Շուշիի շրջանի փախստականների լիազոր ներկայացուցիչն է։
«Արդեն 800 ընտանիքի գրանցել եմ։ Հայաստանում գտնվողների հետ հեռախոսային կամ ինտերնետային կապի մեջ եմ, տվյալները ճշտում, գրանցում եմ»,–ասաց նա։
Գաբրիելյանի խոսքով`100–ից ավելի ընտանիքներ արդեն վերադարձել են Ստեփանակերտ։
«Եկածներին տեղավորում ենք Ստեփանակերտի տարբեր հյուրանոցներում, սեփական տներում, որոնց վճարը պետությունն է տալիս։ Մի մասն էլ բարեկամների ընկերների տանն է առայժմ տեղավորվել»,–ասում է պատասխանատուն։
Նա նաև նշում է, որ Ստեփանակերտում բնակֆոնդը չի հերիքում, քանի որ այստեղ են գտնվում նաև Հադրութի շրջանի և Շուշիի փախստականները, որոնք մեծ թիվ են կազմում։
«Կառավարության մակարդակով սպասում ենք համապատասխան քայլերի, որպեսզի այդ մարդկանց բնակարաններով կամ բնակելի վայրերով ապահովենք` հյուրանոցներում, դպրոցներում, մանկապարտեզներում, ինչպես Հայաստանում էր արվում, մինչև հիմնական կացարանի հարցը լուծվի»,–ասում է Գաբրիելյանը։
Շուշիում սպանվել է բռնցքամարտիկ Նշան Մունչյանի եղբայրը
Նա հավաստիացնում է, որ Արցախի պետական բոլոր հիմնարկ- ձեռնարկությունները կատարում են աշխատանքներ բնակիչների սննդի կազմակերպումը, հագուստի տրամադրումը ապահովելու, որոշակի փոխհատուցումներ կատարելու համար։ Գաբրիելյանը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1–ից հունվարի 1–ը ցանկացած փախստական արցախցու կտրվի 300 հազար դրամ, իսկ այն թոշակառուները, որոնք 60 հազար դրամից ցածր թոշակ էին ստանում, նրանք հավելավճարներ կստանան կառավարության կողմից։