Պարգև սրբազանի մահվան լուրը սուտ է

Արցախի թեմի առաջնորդի հետ հաջողվել է կապ հաստատել. նա պատրաստվում է սկսել իր բուժման ընթացքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի - Sputnik. Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը չի մահացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին «Իզմիրլյան» բուժկենտրոնի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ամալյա Գևորգյանը։ 

«Պարգև Սրբազանը երկրում չէ, այս պահին գտնվում է արտերկրում, մեկնել է մոտ երկու օր առաջ»,- հավելեցին բուժկենտրոնից՝ համացանցում տարածված տեղեկություններն անվանելով ստահոդ։

Բուժկենտրոնը նաև մանրամասնեց՝ օրեր առաջ Պարգև Սրբազանն այցելել է Իզմիրլյան բուժկենտրոն, բայց ոչ թե հետազոտությունների համար, այլ մասնավոր այց է արել։

Պարգև Սրբազանի մահվան լուրը հերքում է նաև Մայր աթոռի տեղեկատվական կենտրոնի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը։

«Քիչ առաջ կապ հաստատվեց։ Պարգև սրբազանը լավ է և այս առավոտ արդեն պիտի սկսի իր բուժման ընթացքը։ Նման տեղեկատվության տարածման վերաբերյալ մնացյալ հետևությունները թողնում եմ Ձեզ»,- Facebook-ի իր էջում գրել է նա։

Նշենք, որ այսօր համացանցում լուրեր տարածվեցին, թե մահացել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։ Մայր աթոռի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանը շտապեց գրառում կատարել Facebook-ի իր էջում՝ նշելով, որ տարածված տեղեկատվությունը չունի որևէ հիմնավորում։ Նա ընդգծել էր, որ տարածված լուրերի վերաբերյալ չգիտեն ոչ միայն Մայր աթոռում, այլև սրբազանի հարազատներն ու մտերիմները։

Սերժ Սարգսյանի կինը մահացել է

«Սրբազանի հետ վերջին հեռախոսակապը եղել է շուրջ հինգ ժամ առաջ։ Ներկայիս, պայմանավորված ԱՄՆ-ի հետ մեր ժամային տարբերություններով, փորձ է արվում տեղեկություն ստանալ իր առողջական վիճակի վերաբերյալ»,- գրել էր նա։ 

Տեր հայրը հորդորել էր հետևել միայն պաշտոնական լրատվությանը՝ տեղեկատվական խառնաշփոթի մեջ չհայտնվելու համար։

Պարգև սրբազանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոն է այցելել