ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին տեղեկատվություն տրամադրել առևանգված 10 քաղաքացու մասին

Մինչև նոյեմբերի 27-ն Ադրբեջանը պարտավոր է հայտնել ռազմագերիների փոխանակման ժամկետների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի - Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Հայաստանի ներկայացրած հերթական դիմումն ընդդեմ Ադրբեջանի։ Տեղեկությունը հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Facebook-ի պաշտոնական էջում։

Հայաստանը ՄԻԵԴ է դիմել Գորիս-Շուշի ճանապարհին անհայտ կորած 10 քաղաքացիների հարցով

«Թվով 9 ռազմագերիների մասով Ադրբեջանի նկատմամբ կիրառել է միջանկյալ միջոց՝ պահանջելով տրամադրել ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվություն և հայտնել փոխանակման ժամկետների մասին մինչև նոյեմբերի 27-ը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նոյեմբերի 11-ին Գորիս-Շուշի ճանապարհին Ադրբեջանի կողմից առևանգված քաղաքացիներին վերաբերող հաջողություն էլ ունի հայկական կողմը։

ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է 10 քաղաքացիական անձանց մասով տեղեկատվություն տրամադրել մինչև նոյեմբերի 30-ը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) Գորիս-Շուշի ճանապարհին անհայտ կորած 10 քաղաքացիների հարցով։

ՄԻԵԴ-ն Ադրբեջանից հայ գերիների պահման պայմանների մասին տեղեկություն է պահանջել

Հայաստանը պահանջել է քայլեր ձեռնարկել ապահովելու նոյեմբերի 11-ին Գորիս-Շուշի ճանապարհահատվածում անհայտ կորած 10 քաղաքացիների կյանքի իրավունքը և զերծ մնալ նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքից։

Նշենք, որ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչն է Եղիշե Կիրակոսյանը։ Վերջին Արցախյան պատերազմի ընթացքում Հայաստանը մի քանի դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` Ադրբեջանի ու նաև Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջով։

Բացի այդ, հայկական կողմը գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության տասնյակից ավելի գործեր է ներկայացրել Եվրոպական դատարան։

Անհայտ կորածների թիվը կրճատվում է. Տոնոյան

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն, ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Նոյեմբերի 19-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1637 զոհվածների անունները։

Հայաստանը ՄԻԵԴ–ին արցախյան պատերազմում Թուրքիայի ներգրավվածության փաստեր է ներկայացրել

Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։  ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոյեմբերի 18-ին ԱԺ–ում լրագրողներին հայտնեց, որ պատերազմի առաջին օրվանից մինչև նոյեմբերի 17-ի երեկոյան պաշտոնապես հաստատված զոհված զինծառայողների թիվը 2425 է։ 

Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։