Մենք ապացուցել ենք, որ կարող ենք լինել լավ գործընկերներ. ՀՀ նախագահը՝ Չինաստանի դեսպանին

Նախագահն առաջարկել է դիտարկել Չինաստանից Հայաստան ուղիղ օդային հաղորդակցության հնարավորությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունը: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական ծառայության անցնելու առթիվ ու արդյունավետ գործունեություն մաղթել: Արմեն Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նորանշանակ դեսպանը մեծ ներդրում կունենա երկու երկրների միջև փոխշահավետ գործակցությունն ընդարձակելու գործում:

Մենք ապացուցել ենք, որ կարող ենք լինել լավ գործընկերներ. ՀՀ նախագահը՝ Չինաստանի դեսպանին

«Մեր երկու երկրներն ունեն ամուր ու խորը հարաբերություններ, համագործակցության մեծ հնարավորություններ և ներուժ: Մենք ապացուցել ենք, որ կարող ենք լինել լավ գործընկերներ»,- ընդգծել է նախագահ Սարգսյանը:

Դեսպանը Հայաստանի նախագահին է փոխանցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքը: Նա նշել է, որ Հայաստան ժամանելուն պես զգացել է մեր երկրի հյուրընկալությունը։ Դեսպանն ընդգծել է՝ երկու երկրների բարեկամություն երկար տարիների պատմություն և լավ ավանդույթներ ունի։ Նա ակնկալում է շարունակել ամուր և բարեկամական հարաբերությունների զարգացումը:

ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանն ընդունել է Չինաստանի նորանշանակ դեսպանին. տեսանյութ

Հանրապետության նախագահը և նորանշանակ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության օրակարգի որոշ հարցեր: Զրուցակիցները կարևորել են փոխգործակցության ընդլայնումը նորագույն տեխնոլոգիաների, սննդի անվտանգությանև այլ ոլորտներում:

Նախագահ Սարգսյանն առաջարկել է դիտարկել Չինաստանից Հայաստան ուղիղ օդային հաղորդակցության, նաև մեր երկրի տարածքով դեպի ԱՄՆ կամ Եվրոպա տարանցիկ թռիչքների հնարավորությունը: Զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը ևս կարևորվել է։

Թյուրքական ETIM-ներն ահաբեկիչներ չե՞ն․ ԱՄՆ-ի որոշումը զայրացրել է Չինաստանին

Հանդիպման ընթացքում ՀՀ նախագահն անդրադարձել է նաև Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքներին և դրա հետևանքով ստեղծված իրավիճակին: