Ղարաբաղի 43 բնակավայրում 280 շինություն է ավերվել. ՌԴ ԱԻՆ

ԱԻՆ ավիացիայի հատուկ ստորաբաժանումը ժամանել է Հայաստան մարդասիրական խնդիրների լուծման հարցում օգնություն ցուցաբերելու համար։ Ճամբարը տեղակայվել է Ստեփանակերտի մոտ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի ԱԻՆ մասնագետները Լեռնային Ղարաբաղի տարածքում ավելի քան 280 ոչնչացված և 2,5 հազար վնասված շենքեր են հայտնաբերել: Տեղեկությունը լրագրողներին հայտնել է տարածաշրջանում գերատեսչության օպերատիվ խմբի ղեկավար Իգոր Կուտրովսկին։

«Նոյեմբերի 20-ի դրությամբ հետազոտվել է 43 բնակավայր, որտեղ ավելի քան 2,5 հազար օբյեկտ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Դրանից 280-ն ամբողջությամբ ոչնչացվել են»,- ասել է նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԻՆ ավիացիայի հատուկ ստորաբաժանումը 30 մասնագետներով ժամանել է Հայաստան մարդասիրական խնդիրների հարցում օգնություն ցուցաբերելու համար, ԱԻՆ-ի ճամբարը տեղակայվել է Ստեփանակերտի մոտ:

Փախստականներին Ստեփանակերտ տեղափոխող ավտոբուսների հերթական շարասյունը տեղ է հասել

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: