ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի - Sputnik. ՀԱՊԿ անդամ երկրների իրավապահ մարմինները տեսակոնֆերանսի ձևաչափով քննարկել են թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
ՀԱՊԿ անդամ-պետությունների իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 22-րդ նիստին մասնակցում էին խորհրդի նախագահ, ստատս-քարտուղար, ՌԴ ՆԳ նախարարի տեղակալ Իգոր Զուբովը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, Տաջիկստանի նախագահին կից Թմրանյութերի վերահսկման գործակալության տնօրեն Սայդուլլո Վոխիդզոդան, ՀԱՊԿ անդամ-պետությունների ՆԳՆ պատվիրակություններ:
ՀՀ ոստիկանության պատվիրակությունը գլխավորում էր ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:
Նիստի ընթացքում բանախոսներն անդրադարձել են խորհրդի 15-ամյա գործունեությանը: Ներկայացվել է ՀԱՊԿ անդամ երկրներում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ մղվող պայքարն ու օպերատիվ իրավիճակը:
«Արա Ֆիդանյանն իր խոսքում նշեց, որ այս համատեքստում առանձնակի ուշադրության են արժանի ՀԱՊԿ անդամ-պետությունների արագ արձագանքման հավաքական ուժերի կազմի մեջ մտնող հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ «Կանալ» հակաթմրանյութային գործողության շրջանակներում անցկացվող միջազգային օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումները»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ոստիկանության պետի տեղակալը վստահեցրել է, որ մեր երկիրը պատրաստակամ է հետագայում ևս ակտիվ մասնակցություն ունենալ ծրագրային միջոցառումների իրականացմանը։ Տեսակոնֆերանսի ընթացքում իրավապահները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: