Երիտասարդ դաշնակցականները որոշել են պայքարել այնքան, մինչև իշխանությունը հրաժարական տա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիան ՀՅԴ–ն կշարունակվի նաև նոյեմբերի 20-ին Ազատության հրապարակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. ՀՅԴ երիտասարդական միությունը պատրաստ է բողոքի ակցիաներ իրականացնել այնքան ժամանակ, քանի դեռ ներկայիս իշխանությունը հրաժարական չի տվել։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց միության անդամ Քրիստինե Վարդանյանը։

Երևանում իրավիճակը լարվել է. պահանջում են ՀՀ վարչապետի հրաժարականը

Նա նշեց, որ իրենք մարդկանց սթափության կոչ անելու համար Երևան քաղաքի մի շարք մայրուղիներ կարճ ժամանակով փակում են, որպեսզի իրենց ձայնը տեղ հասնի։

«Մենք խոսում ենք հայրենիքի դավաճանության մասին, որն արել է ներկայիս իշխանությունը մեր երկրի հետ։ Մենք տեսնում ենք մի իրավիճակ, երբ իշխանությունը ստորագրել է դավադիր, խայտառակ փաստաթուղթ, սակայն շարունակում է ապրել այնպես, ասես ոչինչ չի եղել։ Ամեն կերպ ցանկանում է մոռացնել տալ այդ հանգամանքը։ Կա՛մ դուք ձերբակալելու եք 3 միլիոն մարդու, կա՛մ հանգիստ չեք ունենալու մինչև ձեր հրաժարականը, իսկ դրանից հետո էլ պատասխանատվության եք ենթարկվելու»,–ասաց նա։

Ակցիան կշարունակվի վաղը` ժամը 14.00–ին, Ազատության հրապարակում։

Նշենք, որ այսօր Երևանի մի շարք փողոցներում կրկին բողոքի ակցիաներ են իրականացվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ ՀՀ ոստիկանությունից Sputnik Արմենիային հայտնել են, որ կա 25 բերման ենթարկված։
Բերման ենթարկվածների թվում են ԱՀ նախագահի նախկին խորհրդական, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը,քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, «Ադեկվադ» կուսակցության հիմնադիրներից Արթուր Դանիելյանը։

Նման արարքներով անհնար է զսպել համաժողովրդական բողոքի ալիքը. ՀՅԴ