ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի - Sputnik. Այսօր Երևանի տարբեր հատվածներում իրականացված բողոքի ակցիաների դադարեցման գործողություններին մասնակցել են բացառապես ոստիկանության աշխատակիցներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ այսօր ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցում տարածվել էին ոստիկանների լուսանկարներ և տեսանյութեր, որոնցում ծառայողների սև հանդերձանքի վրա չինարեն գրություններ էին երևում։
«Սա ոմանց հիմք է տվել եզրակացնելու, թե ոստիկաններից բացի, գործողություններին մասնակցել են նաև այլ անձինք ու թիկնապահներ։ Ոստիկանությունը պաշտոնապես հայտարարում է, որ բոլոր գործողություններին մասնակցել են միայն ոստիկանության ծառայողներ»,- նշված է ոստիկանության պարզաբանման մեջ։
Ոստիկանությունը ևս մեկ անգամ կոչ է անում քաղաքացիներին պահպանել ռազմական դրության իրավական ռեժիմի կանոնները։
Իրավապահները զգուշացնում են՝ նրանք, ովքեր կդիմեն հակաիրավական քայլերի, բռնության, սադրանքների, «ովքեր իրենց վեր կդասեն օրենքից ու հասարակությունից, կենթարկվեն ամենախիստ պատասխանատվության»:
Երևանում ոստիկանների գործողությունների հետևանքով վնասվեց ցուցարարներից մեկի գլուխը
Հիշեցնենք, որ Երևանի մի շարք փողոցներում այսօր քաղաքացիների տարբեր խմբեր փողոցներ են փակել։ Նաև ավտոերթ է կազմակերպվել դեպի Հանրապետության հրապարակ։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Նախնական տվյալներով, կան 85 բերման ենթարկվածներ։
Հավելենք, որ բողոքի ակցիաները սկսվել են նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարությունից հետո։