ԵՊՀ գիտխորհուրդը պահանջում է վարչապետի ու կառավարության հրաժարականը. առաջարկ ունեն

Իշխանությունների գործողությունները, սեփական սխալների և քաղաքական պատասխանատվության մերժումն ավելի են բորբոքում կրքերն ու շիկացնում ներքաղաքական մթնոլորտը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի - Sputnik. Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը պահանջում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՀՀ կառավարության հրաժարականը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԵՊՀ արհեստակացական կազմակերպության նախագահ, ԵՊՀ գիտխորհրդի անդամ Արմեն Ավետիսյանը։

«48 կողմ, 5 դեմ և 8 ձեռնպահ ձայների համադրությամբ գիտխորհուրդն ընդունեց հայտարարություն, որով պահանջում է վարչապետի և կառավարության հրաժարականը»,- նշեց Ավետիսյանը։

ԵՊՀ գիտխորհրդի հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, Հայաստանում լիարժեք և ամբողջական չեն իրականացվել պատերազմի մեջ գտնվող պետության համար անհրաժեշտ գործողություններ, այդ թվում՝ տնտեսության, գիտության, կրթության, ռազմական արդյունաբերության և այլ ոլորտներում չեն գրանցվել ցանկալի արդյունքներ: Այս ամենի հետևանքները առավել ցայտուն դրսևորվեցին Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին այս պատերազմի օրերին։

Հրապարակում ոստիկանական ուժեր են կուտակվում. նրանք փորձում են ցրել հանրահավաքը. տեսանյութ

«Վերջին տարիներին պետական կառավարման պատասխանատու ոլորտներում ոչ պրոֆեսիոնալ պաշտոնյաների ընդգրկումը, պետականության համար կարևոր հարցերում ոչ մասնագիտական մոտեցումները, պետական քաղաքականության մշակման տարերայնությունն անթույլատրելի և երբեմն անդառնալի հետևանքների պատճառ դարձան»,- նշված է հայտարարության մեջ։

ԵՊՀ գիտխորհուրդն ընդգծում է՝ նոյեմբերի 9-ին խիստ գաղտնիության պայմաններում և հասարակության սպասելիքներին հակադիր ստորագրված եռակողմ հայտարարությունը հասարակության շրջանում առաջացրել է խորը ճգնաժամ, խիստ լարված մթնոլորտ։ Մայր բուհի գիտական խորհուրդը կարծում է, որ օրըստօրե խորացող անջրպետները և երկպառակությունները կարող են «կործանարար լինել պատերազմի արհավիրքի հետ բախված մեր պետականության համար, մանավանդ որ թուրք-ադրբեջանական սպառնալիքը շարունակում է պահպանվել և աճելու միտում ունի»։

Բողոքի ակցիայի մասնակիցները Գյումրիում փողոց են փակել. կան բերման ենթարկվածներ

«Ստեղծված պայթյունավտանգ իրավիճակում իշխանությունների գործողությունները, սեփական սխալների և քաղաքական պատասխանատվության մերժումը ոչ միայն չեն նպաստում լարվածության թուլացմանը, այլև էլ ավելի են բորբոքում կրքերն ու շիկացնում ներքաղաքական մթնոլորտը»,- նշում են մայր բուհում և պահանջում վարչապետի և կառավարության հրաժարականը:

ԵՊՀ գիտական խորհուրդն առաջարկում է ձևավորել Ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն, որը բաղկացած կլինի համապատասխան ոլորտների մասնագետներից։ Այդ կառավարության խնդիրը լինելու է իրավիճակի կայունացումը երկրում և այնպիսի արտաքին քաղաքականության վարումը, որի կենտրոնում հայ ժողովրդի շահն է։ Գիտխորհուրդը պահանջում է նաև ողջամիտ ժամկետում ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացում։

«Ես մեծ հույս ունեմ, որ Դավիթ Տոնոյանն էլ կխոսի». Տիգրան Աբրահամյան

Մայր բուհի գիտական խորհուրդը կոչով դիմել է Ազգային ժողովի պատգամավորներին՝ հորդորելով երկիրը ցնցումներից զերծ պահել։ Կոչն ուղղված է նաև հասարակությանը՝ միավորվելով պետականության գաղափարի շուրջ։

Նշենք, որ դեռ երեկ տեղի ունեցած առցանց նիստում ԵՊՀ գիտխորհրդի անդամները քննարկել էին երկրում ստեղծված իրավիճակն ու որոշել հանդես գալ հայտարարությամբ: