Թուրքիան մտավախություն ունի, որ ՀՀ–ն հետքայլ է անելու եռակողմ հայտարարությունից. Սիմոնյան

«Լուսավոր Հայաստանը», տարածաշրջանային զարգացումներից զատ, նաև այս համատեքստում է դիտարկում Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանին զորքի կուտակումն ու իր ռազմական ուժի բացահայտ ցուցադրումը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Թուրքիան մտավախություն ունի, որ Հայաստանը հետքայլ է կատարելու եռակողմ հայտարարության փաստաթղթով ստանձնած պարտավորություններից: Այսօր ԱԺ-ում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ այս համատեքստում մեկնաբանելով Հայաստանի սահմանին Թուրքիայի սպառազինությունների կուտակումը:

«Եթե մենք ուշադիր լինենք Թուրքիայի` վերջին շրջանի հայտարարություններին, ապա կարելի է հստակ տեսնել` Թուրքիան մի քանի անգամ հայտարարել է` մտավախություն ունի, որ հետքայլ է կատարվելու ստորագրված փաստաթղթից, ու երաշխիքներ է ցանկանում ունենալ, որ որևէ կողմն այս փաստաթղթից հետքայլ չի կատարի, այդ թվում Հայաստանը կշարունակի զորքերի դուրսբերումը, այսպես կոչված, ադրբեջանական տարածքներից: Եվ սա կարելի է դիտարկել Թուրքիայի կողմից ուժի ցուցադրություն, որ տեսեք` եթե հանկարծ հետքայլ կատարվի, մենք պատրաստ ենք այլ գործողություների ևս»,- ասաց Սիմոնյանը:

Այդուհանդերձ, պատգամավորը ուշադրություն հրավիրեց նաև այն փաստին, որ ոչ միայն Թուրքիան է զորքեր կուտակում, այլև ընդհանրապես այս ընթացքում տարածաշրջանի բոլոր երկրները։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Թուրքիայում հայտնված զենքն ու «հայկական» հետքը․ մեկնաբանում է Ղազախստանը

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: