Տոնոյանն ու Կոպիրկինը հանդիպել են

ՀՀ պաշտպանության նախարարը խոսել է Ռուսաստանի Դաշնության, Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության մասին, իսկ հետո դեսպանին է փոխանցել ՀՀ նախագահի հրամանագրերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

«Տոնոյանը բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության` տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կարգավորմանն ուղղված դերն ու ջանքերը, ինչպես նաև Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության ընթացքն ու արդյունավետությունը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ ՊՆ–ի` կողմերը կարևորել են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի և Կարմիր Խաչի միջազգային Կոմիտեի համակարգմամբ իրականացվող զոհված զինծառայողների, գերիների, պատանդների և անհայտ կորածների հայտնաբերման և փոխանակման աշխատանքները:

Տոնոյանը հերթական անգամ ցավակցական խոսքեր է ուղղել ՌԴ դեսպանին՝ ՀՀ տարածքում Մի-24 ուղղաթիռի խոցման հետևանքով ՌԴ զինծառայողների զոհվելու կապակցությամբ և Սերգեյ Կոպիրկինին փոխանցել մայոր Յուրի Իշչուկին (հետմահու), ավագ լեյտենանտ Ռոման Ֆեդինին (հետմահու) և ավագ լեյտենանտ Վլադիսլավ Գրյազինին Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին ՀՀ նախագահի հրամանագրերը և պարգևները:

Հիշեցնենք` 2020թ․ նոյեմբերի 9-ին՝ ժամը 18․30-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը հրթիռային կայանքի կիրառմամբ խոցել էին ՀՀ Արարատի մարզի Երասխ գյուղում թռիչք իրականացնող ՌԴ զինված ուժերի Մի–24 տեսակի՝ ակնհայտորեն ՌԴ տարբերանշանը կրող ռազմական ուղղաթիռը։ Սպանվել էին երկու անձինք, ևս մեկը մարմնական վնասվածք էր ստացել։  Դեպքի առթիվ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանություն) 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 13-րդ կետերով, 384-րդ հոդվածի (Ագրեսիվ պատերազմ) 2-րդ մասի հատկանիշներով։ Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին։

Ռուսական ՄԻ–24–ի խոցման պահը. տեսանյութ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին հանձնարարել էր օգնություն ցուցաբերել ռուսական ուղղաթիռի անձնակազմի զոհված անդամների ընտանիքներին: