Տեղական ձուն թանկացել է. արտադրողները նշում են թանկացման պատճառը

Տնտեսական մրցակցության հանձնաժողովում թանկացման խնդրին տեղյակ են: Կառույցը դիմել է արտադրողներին՝ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Երևանյան խանութներում ձուն թանկացել է՝ կախված չափից ու տեսակից՝ 1 հատը՝ 3-8 դրամով:

Երևանյան մանրածախ կետերից մեկում Sputnik Արմենիային հայտնեցին, որ թանկացումը դեռ վերջնական չէ: Ըստ վաճառողի՝ առաջիկայում նոր թանկացում է սպասվում:

Որքան է թանկացել կյանքը Հայաստանում արցախյան պատերազմի մեկ ամսում

«Աշտարակ ձու» ընկերությունից Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեցին, որ թանկացումը տեղի է ունեցել 5 oր առաջ: «Թանկացումը կապված է կերի թանկացման հետ, որը հիմնականում դրսից է ներկրվում»,- ասաց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով` կերը թանկացել է արտերկրի շուկաներում, հետևաբար թանկացման պատճառը հայաստանյան արտադրողները չեն:

Ընդ որում, նրա ունեցած տվյալներով, տեղական ձուն թանկացել է բոլոր տեղական  արտադրողների մոտ:

Տնտեսական մրցակցության հանձնաժողովում ձվի թանկացման խնդրին տեղյակ են:

«ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է ձվի շուկան։ Այս պահին ընկերություններին ենք դիմել, որպեսզի մեզ տրամադրեն անհրաժեշտ տեղեկատվությունը»,- Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան հայտնեց հանձնաժողովի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը:

Հանձնաժողովը խոստանում է ուսումնասիրության արդյունքներն ամփոփելուց հետո դրանք ներկայացնել հանրությանը: