ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանի մշակույթի գործիչները, այդ թվում՝ դիրիժորներ Վլադիմիր Սպիվակովը և Թեոդոր Կուրենտզիսը, երաժիշտ Բորիս Գրեբենշիկովը և ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը, դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին Արցախի քրիստոնեական մշակութային, գեղարվեստական և ճարտարապետական ժառանգության հուշարձանները համաշխարհային ժառանգության ցուցակում ներառելու խնդրանքով։ Այս մասին ասվում է կազմակերպությանն ուղղված բաց նամակում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք, միջազգային մշակութային հանրության ներկայացուցիչներս և հասարակական գործիչներս, խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի մշակութային, գեղարվեստական և ճարտարապետական հուշարձանների ճակատագրով, որոնք վտանգված են և կարող են ավերվել, ոչնչացվել և վանդալիզմի ենթարկվել նաև մարտական գործողությունների ավարտից հետո։ Խնդրում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին օգտագործել իր ողջ հեղինակությունն ու լիազորությունները հուշարձանները փրկելու համար` դրանց անհրաժեշտ կարգավիճակ տալով և համաշխարհային ժառանգության ցուցակում ներառելով»,-ասված է նամակում։
Մշակույթի գործիչները մտավախություն են հայտնել, որ Արցախի մշակութային ժառանգությանը կարող է սպառնալ Սիրիայի Պալմիրային վիճակված ողբերգական ճակատագիրը։
«Այդ հարցը խիստ արդիական է»․ Զախարովան` Ղարաբաղի սրբավայրերի պահպանման մասին
Նամակը ստորագրել են դիրիժորներ Վլադիմիր Սպիվակովը, Թեոդոր Կուրենտզիսը, երաժիշտ Բորիս Գրեբենշիկովը, ռեժիսորներ Ալեքսանդր Սոկուրովը, Ալեքսեյ Գերման-կրտսերը, Էդուարդ Բոյակովը, դերասաններ Անդրեյ Մերզլիկինը, Սվետլանա Նեմոլյայևան, Յուլիա Աուգը, գրող Զախար Պրիլեպինը և այլոք։