Պետդուման Ադրբեջանին կոչ է արել պահպանել Ղարաբաղի քրիստոնեական տաճարները

Գավրիլովի խոսքով՝ այժմ Ղարաբաղում և ընդհանրապես այն տարածքներում, որոնք տրվում են Ադրբեջանին, մեծ թվով ծայրահեղականներ կան, որոնք ժամանել են Սիրիայից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի -Sputnik. Պետդումայի քաղաքացիական հասարակության զարգացման, հասարակական և կրոնական միավորումների հարցերի հանձնաժողովի նախագահ Սերգեյ Գավրիլովը Ադրբեջանին կոչ է արել պահպանել Լեռնային Ղարաբաղի տարածքի կրոնական սրբավայրերը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ռուսաստանի մշակութային գործիչները դիմել են ՅՈւՆԵՍԿՕ-ին՝ Արցախի հուշարձանների խնդրով

«Հույս ունենք, որ միջազգային իրավունքի և հավատացյալների իրավունքների պաշտպանության սկզբունքներին համապատասխան կպահպանվեն Ղարաբաղի կրոնական սրբավայրերն ու վանքերը։ Ուխտագնացություն իրականացնելու նպատակով պետք է բոլորի համար ապահովվի կրոնական հաստատությունների` և՛ մզկիթների, և՛ եկեղեցիների հասանելիությունը», - նշել է Գավրիլովը։

Նրա խոսքով՝ այժմ Ղարաբաղում և ընդհանրապես այն տարածքներում, որոնք տրվում են Ադրբեջանին, մեծ թվով ծայրահեղականներ կան, որոնք ժամանել են Սիրիայից։

«Ես տեսել եմ ահաբեկիչների գործողությունների արդյունքները Սիրիայում։ Այնտեղ ոչնչացվել է քրիստոնյա բնակչությունը, ավերվել են վանքերն ու տաճարները։ Ռուսաստանը, Ադրբեջանն ու Իրանը կարող են անհրաժեշտ ջանքեր գործադրել, որպեսզի գրոհայինները լքեն Ղարաբաղը», - ընդգծել է խորհրդարանականը։

Մեկ օրում Արցախ է վերադարձել 1199 մարդ. Կոնաշենկով

Նա հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում կձևավորվի հայերի և ադրբեջանցիների միասին խաղաղ ապրելու մոդել:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ զրույցում կարևորել էր Ղարաբաղում քրիստոնեական տաճարների ու վանքերի պահպանության և նորմալ եկեղեցական կենսագործունեության ապահովման կարևորությունը: