Փոքր երկիրն այլ ելք չունի, քան լինել տեխնոլոգիական առաջընթացի ավանգարդում։ Աշխարհն այդ ճանապարհով է ընթանում, և մենք էլ պետք է այնտեղ լինենք, փոքր երկիրն այլ ճանապարհ չունի։
Այս միտքն իմը չէ, վերցրել եմ Արցախում վերջին իրադարձությունների վերաբերյալ նախագահ Արմեն Սարգսյանի ելույթից։
Իմ կողմից։ Գիտատեխնիկական թռիչքային զարգացումը, որը կբերի տնտեսական թռիչքի, երկնքից չի ընկնում։ Ժամանակ և շատ փող է պետք։
Ժամանակ՝ 20-30 տարի, փող՝ տասնյակ միլիարդավոր դոլարներ։ Կարող է թվալ, թե չափազանց շատ է, բայց հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը կարծում է, որ շատ չէ՝ այն է, ինչ պետք է։
Հարց` իսկ փող որտեղի՞ց։ Մասնավորապես, թե որքանով կկարողանանք հետաքրքրել Ռուսաստանին, մյուս` առաջին հերթին՝ Մինսկի խմբի երկրներին ներդրումներ անել։ Ընդ որում, գումարները պետք է ոչ միայն գան, այլև խելացիորեն ծախսվեն։
Հաջորդ հարցն ինքն իրեն է ծագում։ Ո՞վ պետք է ղեկավարի երկիրը, որը շուտով կարող է հայտնվել ծանրագույն տնտեսական ճգնաժամի մեջ (տասնյակ հազարավոր փախստականներ, կորոնավիրուս, սխալ ղեկավարման հետևանքով փակված բիզնեսներ, եկամուտների, հարկահավաքման նվազում...)։
Հասկանալի է, որ պատերազմի ժամանակ երկիրը պարտության հասցրած և խաղաղ կյանքում էլ տնտեսական հրաշքներ առանձնապես չգործող գործիչներն այդ դերին չեն համապատասխանում․տվյալ դեպքում նրանք չեն էլ դիտարկվում։
Կադրերն են վճռում ամեն ինչ։ Իսկ կադրեր չկան։ Ինչպես ասում էր վերջերս մեզնից հեռացած Արմեն Ջիգարխանյանը․ «Աստվածները հեռացել են մեզնից։ Մենակ ենք մնացել մեր հիվանդությունների և դժբախտությունների հետ»։ Ինչպե՞ս ապրել, ի՞նչ անել։ Պետք է հիշել, որ նման իրադրության մեջ ոչ առաջին անգամ ենք, ոչ էլ վերջին։ Եղել է, և բազմիցս։
Հաագայի փողոցներով դանդաղ շարժվում է լիմուզինը, շուրջբոլորը հոլանդացիներ են։ Հանկարծ ինչ-որ տեղից սալաքար է թռչում ու կոտրում մեքենայի ապակին։ Գլխավոր ուղևորը չի մահանում, նրան վիճակվում է տեսնել լայն պաստառը, որի վրա անգլերեն գրված է․«Երկրորդ համաշխարհայինում զոհված իմ ընկերոջ հիշատակին ես բողոքում եմ ընդդեմ այս մարդասպանի այցի»։ 1971թ․-ի հոկտեմբերին այսպես սկսվեց Ճապոնիայի կայսեր եռամսյա շրջագայությունը Եվրոպայում։
Ում պետք չէ ռազմաճակատ տանել. պատմության դասերը
Հիրոհիտո կայսեր լիմուզինի վրա ոչ միայն Հոլանդիայում էին փտած բանջարեղեն ու մրգեր շպրտում։ Վախենալով կորցնել իշխանությունը` նա հրաժարվել էր կապիտուլյացիայից, ինչ պատճառով երկրի գլխին փորձանք բերեց՝ Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծությունը։ Իսկ չէ՞ որ որպես նշանաբան նա ընտրել էր «Շողացող աշխարհը», որը պարտությունից հետո վերածվեց հրեշավոր տնտեսական ճգնաժամի։
Իսկ հետո տեղի ունեցավ ամենահետաքրքրիրը։ Ճապոնիայի «տնտեսական հրաշքը» սկսվեց նրանից, որ կառավարությունը փոխշահավետ հարաբերություններ հաստատեց բիզնեսի հետ և համատեղ զարգացման ռազմավարություն մշակեց։ Սկսեցին հարկերի առավելագույն նվազեցումից, շարունակեցին առաջնահերթությունների ընտրությամբ։ Որոշեցին․նախ՝ մետալուրգիա, նավաշինություն և նավթաքիմիա, այնուհետև՝ կենցաղային էլեկտրատեխնիկա և ավտոմեքենաներ։ Ակտիվորեն ներդրումներ էին անում գիտության մեջ։
Ուշադրություն։ Աշխատակցին հեռացնելը գործատուի համար խայտառակություն էր համարվում։ Տուժում էր նրա հեղինակությունը։ Թոշակի անցնելիս աշխատակիցը ստանում էր իր հինգ-վեց տարվա աշխատավարձին հավասար միանվագ գումար։ Մեծ ընկերություններն աշխատակիցներին խոշոր գումար էին վճարում երեխայի ծնվելու առթիվ, վճարում էին կրթության համար, օգնում էին սեփական բնակարանի գնման հարցում։ Այստեղից էլ ծնվեց ճապոնական միասնականության ոգին։
Հայաստանում, իհարկե, Ճապոնական ոչ ամբողջ փորձն է կիրառելի, բայց որոշ պահեր միանգամայն տեղին են։ Օրինակ՝ տնտեսության մեջ առաջնահերթությունների առանձնացումը, գիտության զարգացումը, հարկերի մեղմելը։
Իտալիայի տնտեսական հրաշքի խորհրդանիշ դարձավ «Ֆիատը»։ Մինչև 1960թ․-ը Երկրորդ Համաշխարհայինից ամենաշատը տուժած երկրում մեքենաների արտադրությունը գրեթե երկու անգամ ավելացավ։
Հարավային Կորեա։ Այստեղ ամեն ինչ կառուցվեց կոշտ կենտրոնական կառավարման և խիստ նախագծման հիման վրա։ Գրեթե ոչնչից տնտեսությունը թռիչքային աճ գրանցեց, ՀՆԱ-ն գերազանցում էր եվրոպական երկրների մեծ մասին։ Հարավային Կորեան դարձավ զարգացման օրինակ և մոդել, որին արժե, որ հետևեն այլ զարգացող երկրների, առաջին հերթին՝ աֆրիկյան երկրների ղեկավարները։
Իսկ տղաները պատերազմ են գնում, կամ հայերի «անմահ գունդը»
Սինգապուր։ Շատ նման է մեզ։ Պայծառ ապագայի գլխավոր ախոյան այնտեղ հայտարարեցին կոռուպցիան։ Բայց միաժամանակ ներդրողների էին գրավում և խոշոր միջոցներ տրամադրում կրթությանը` պետության հաշվին ուսանողներին ուղարկելով լավագույն արտասահմանյան բուհեր։
«Ըստ ամենայնի, առաջիկա տարիներին Հայաստանի տնտեսությանը լավ ժամանակներ չեն սպասվում, և այսօր արդեն հարկավոր են մարդիկ, որոնք վայելում են հայ ժողովրդի, նրա էլիտայի, սփյուռքի, Ռուսաստանի ղեկավարության վստահությունը»,-կարծում է գործարար Ռուբեն Վարդանյանը։
...Ասում են՝ երբ հասել ես հատակին, քեզ միայն մի ճանապարհ է մնում՝ դեպի վերև։ Այլ կերպ հնարավոր չէ։